Արիել Կաստրոն սովորական ամերիկացի է՝ Միջին Արեւմուտքից: Դպրոցական ավտոբուսի վարորդ, հավատացյալ քրիստոնյա եւ բնության սիրահար. այդպես կարող էին նրան բնութագրել ծանոթները եւ հարեւանները:
16-ամյա Ամանդա Բերրին անհետացել էր 2003թ. ապրիլի 21-ին: Մեկ տարի անց Քլիվլենդի նույն թաղամասից անհետացել էր 14-ամյա Ջինա Դեհեսուսը` դպրոցից տուն վերադառնալու ճանապարհին: 20-ամյա Միշել Նայթը, որն այժմ 32 տարեկան է, անհետացել էր 12 տարի առաջ: Ոստիկանությունը կարծում է, որ այդ աղջիկները առեւանգվել եւ բռնի պահվել էին Արիել Կաստրոյին պատկանող տանը, որտեղ հայտնաբերվել էին:
Իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել էին նաեւ Կաստրո երեք եղբայրներին` 50-ամյա Օնիլին, 52-ամյա Արիելին եւ 54-ամյա Պեդրոյին:
Քլիվլենդում գտնվող տունը ոչնչով ուշադրություն չէր գրավում: Արիել Կաստրոն էլ սովորական մարդ էր` բացառությամբ մի քանի դեպքերի: Մի անգամ նա տուն չէր հասցրել դպրոցականին` իբր մոռանալով նրան ավտոբուսի կայանատեղիում, սակայն քրեական գործ չէին հարուցել:
Բացի դրանից, հարեւան Իզրայիլ Լագոն CNN-ին հայտնել էր, որ 2011թ. նոյեմբերին Կաստրոյի տնից ճիչեր է լսել եւ հայտնել ոստիկանությանը: Սակայն ժամանած ոստիկանների առաջ չէին բացել դուռը: Լագոն նաեւ հայտնել է, որ իր քույրը վախենում էր սեփական երեխաներին մենակ թողնել նրա տան մոտակայքում:
Facebook-ում Արիել Կաստրոյի անձնական էջը գրեթե կատարյալ տեսք ունի: . «Հրաշքներ կատարվում են: Աստված ողորմած է», - այդպիսին է մայիսի 2-ին նրա կատարած վերջին գրառումը: «Իսկական կինը երբեք երեխային չի օգտագործի որպես զենք հոր դեմ, որի հետ խզվել են հարաբերությունները», - Կաստրոյի այս գրառումը ստացել է բազմաթիվ «լայքեր», հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Երեք եղբայրներն էլ ձերբակալված են:
Հարեւաններից մեկը CNN-ին վստահեցնում է, որ օրերս Կաստրոյի միջնեկ եղբորը տեսել էր այգում` աղջկա հետ, սակայն Արիելը պարզաբանել է, որ դա իր ընկերուհու աղջիկն է եղել:
Պատանդներն արդեն իրենց ընտանիքների հետ են: Ըստ ոչ պաշտոնական տվյալների, երբ ոստիկանությունը տուն է մտել, մյուս պատանդները կապկպված գետնին ընկած են եղել:
Ըստ ոստիկանության եւ բժիշկների` բոլոր կանանց ֆիզիկական վիճակը բավարար է, սակայն դեռ հնարավոր չէ գնահատել նրանց հոգեկան վիճակն այդքան տարվա գերությունից հետո:




























