Բելգիայում ոստիկանները ձերբակալել են 2013թ. փետրվարին Բրյուսելի օդանավակայանից 37 մլն եվրո արժողությամբ ադամանդներ առեւանգելու մեջ կասկածվող անձանց:
Ձերբակալությունները կատարվել են մայիսի 7-ի վաղ առավոտյան անցկացված 40 խուզարկությունների ընթացքում: Բելգիայի տարբեր հատվածներում հատուկ գործողություններին մասնակցել են 200 ոստիկաններ: Ձերբակալվածների թիվը չի հստակեցվում:
Ըստ լրատվամիջոցների՝ ձերբակալվածները քրեական անցյալ ունեն, առեւանգված ադամանդների մի մասը նրանց մոտից առգրավվել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, ոստիկանական համազգեստով ութ հանցագործներ լուսաթարթիչներ ունեցող երկու ավտոֆուրգոններով փետրվարի 18-ին հայտնվել էին Բրյուսելի օդանավակայանի բեռնավորման հատվածում եւ մոտեցել Swiss ավիաընկերության ինքնաթիռին, որտեղ Brink`s ընկերության աշխատակիցները բեռնում էին չմշակված ադամանդի խոշոր խմբաքանակ՝ Ցյուրիխ ուղարկելու համար: Ինքնաձիգներով զինված կողոպտիչները շուրջ 37,5 մլն եվրո արժողությամբ 10 կգ թանկարժեք քարեր էին առեւանգել՝ հինգ րոպեի ընթացքում, առանց որեւէ կրակոցի:
Ամերիկյան Brink`s ընկերությունն արդեն փոխհատուցում է վճարել տուժած հաճախորդներին:




























