Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին չի բացառում, որ ստիպված կլինի վերադառնալ քաղաքականություն, քանի որ «սոցիալիստների կառավարությունն անհաջողության մատնվեց»: Այս մասին նա հայտարարել է Le Parisien պարբերականին տված հարցազրույցում:
«Հնարավոր է, որ ստիպված լինեմ վերադառնալ: Ինչո՞ւ: Հասարակությունը շատ փխրուն վիճակում է եւ նրան ազդակ է հարկավոր»,-Սարկոզիի խոսքը մեջբերում է «Gazeta.Ru-ն»: Սարկոզին հավելել է, որ «չափազանց անհանգստացած է», որ իշխանության եկած սոցիալիստները «ամեն վայրկյան կարող են կործանել իրենք իրենց»:
«Հասարակությունն այժմ չափազանց փխրուն վիճակում է եւ բավարար է մի կայծ ու պայթյունն անխուսափելի է»,-ասել է Սարկոզին: Նա նաեւ ընդգծել է, որ ներկայիս նախագահ Ֆրանսուա Օլանդը բավականաչափ հեղինակություն չունի` ստեղծված իրավիճակը հարթելու համար:
Նախորդ տարվա փետրվարին Ֆրանսիայում նախագահական ընտրություններին նախօրեին Սարկոզին, ով այն ժամանակ գլխավորում էր հանրապետությունը, միանշանակորեն հայտարարել էր, որ կհեռանա քաղաքականությունից, եթե երկրորդ անգամ չընտրվի: Նրա պարտությունից հետո բազմաթիվ լուրեր էին հայտնվել այն մասին, որ նախկին նախագահը ապագայում եւս կարող է իշխանության վերադառնալ: Ինքը Սարկոզին հոկտեմբերին հաստատել էր, իր բարոյական պարտքն է ֆրանսիացիների առաջ իր թեկնածությունն առաջադրել 2017-ի նախագահական ընտրություններում:




























