Ամերիկայի Հայկական խորհրդի քաղաքական գործողության կոմիտեն հայտարարել է Լոս Անջելեսի քաղաքապետի թեկնածու Էրիկ Գարսեթիին սատարելու իր որոշման մասին:
Էրիկ Գարսեթին եղել է քաղաքային խորհրդի անդամ 13-րդ շրջանից, որն ընդգրկում է Փոքրիկ Հայաստանը՝ զգալի հայ բնակչությամբ: «Ակտիվ ծառայելով շրջանին աշխատատեղերի աճին աջակցելու առումով, կանխելով հանցագործությունները եւ հաշվի առնելով այլ նշանակալի բարեփոխումները՝ Գարսեթին միակ թեկնածուն է, որը տնտեսական խնդիրներով ծանրաբեռնված համայնքի կյանքի ակտիվացման հարուստ փորձ ունի: Բացի դրանից, Գարսեթին Ամերիկայի հայ համայնքի ակտիվ աջակիցն է եւ մասնակցել է համայնքի մի քանի միջոցառումների եւ ծրագրերի»,– ասված է Ամերիկայի Հայկական խորհրդի հայտարարության մեջ: «Ես հպարտանում եմ Ամերիկայի Հայկական խորհրդի աջակցությամբ: Իսկապես մեծ պատիվ է ստանալ Լոս Անջելեսում խոր արմատներ ունեցող հայկական կազմակերպության պաշտոնական աջակցությունը եւ վստահությունը, եւ ես անհամբեր սպասում եմ Ամերիկայի հայ համայնքին ծառայելու գործի շարունակությանը՝ որպես Լոս Անջելեսի հաջորդ քաղաքապետ»,– հայտարարել է Լոս Անջելեսի քաղաքապետի թեկնածու Էրիկ Գարսեթին:
Նշենք, որ Քալիֆորնիայի Լոս Անջելես քաղաքում քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան 2013թ. մայիսի 21-ին: Քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են Էրիկ Գարսեթին եւ Ուենդի Գրոելը:




























