Լրատվամիջոցները հայտնում են «ալմաստի» գողության գործի շրջանակում ձերբակալությունների մանրամասների մասին. Շվեյցարիայի ոստիկանությունը երեք երկրներում ձերբակալել է 31 կասկածյալի:

Բելգիայի դատախազության ներկայացուցիչ Անյա Բեյնենսը հայտնել է, որ 24 մարդ ձերբակալվել է Բելգիայում, վեցը՝ Շվեյցարիայում եւ մեկը՝ Ֆրանսիայում: Թալանված ալմաստների մի մասը հայտնաբերել են Շվեյցարիայում: Բացի դրանից, Բելգիայում առգրավվել են գողացված թանկարժեք քարերի վաճառքից ստացված փողերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Հիշեցնենք, ոստիկանական համազգեստով ութ հանցագործներ լուսաթարթիչներ ունեցող երկու ավտոֆուրգոններով փետրվարի 18-ին հայտնվել էին Բրյուսելի օդանավակայանի բեռնավորման հատվածում եւ մոտեցել Swiss ավիաընկերության ինքնաթիռին, որտեղ Brink`s ընկերության աշխատակիցները բեռնում էին չմշակված ադամանդի խոշոր խմբաքանակ՝ Ցյուրիխ ուղարկելու համար: Ինքնաձիգներով զինված կողոպտիչները շուրջ  37,5 մլն եվրո արժողությամբ 10 կգ թանկարժեք քարեր էին առեւանգել՝ հինգ րոպեի ընթացքում, առանց որեւէ կրակոցի: