Միգրացիոն բարեփոխումը կդառնա բրիտանական կառավարության այս տարվա գլխավոր գերակայություններից մեկը: Այդ մասին հայտնել է Եղիսաբեթ 2-րդ թագուհին՝ ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանի հերթական նստաշրջանի բացմանը:  

«Իմ կառավարությունը մտադիր է համալիր միջոցներ իրականացնել միգրացիոն վերահսկողության շրջանակում: Միգրացիոն օրինագիծը երկիրն ավելի գրավիչ կդարձնի նրանց համար, ովքեր պատրաստ են իրենց ներդրումն ունենալ դրա զարգացման գործում եւ կպաշտպանի դրանք չկամեցողներից», - ասել է նա:

Թագուհին հայտնել է, որ իշխանությունները մտադիր են հեշտացնել երկրից ներգաղթյալների արտաքսման հարցը, հատկապես եթե  նրանք ծանր հանցագործություններ են կատարել: Բացի դրանից, իշխանությունները մտադիր են  բարձրացնել ապօրինի ներգաղթյալներին աշխատանքի ընդունած ընկերությունների հարկերը: Խորհրդարանականները նաեւ նախատեսում են սահմանափակել Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայությունից ներգաղթյալների օգտվելու հնարավորությունները, հայտնում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Բացի միգրացիոն բարեփոխումներից, թագուհին եւս մեկ կարեւոր գերակայություն է նշել՝ երկրի տնտեսության վերականգնումը եւ բյուջեի ծախսերի կրճատումը: Բացի դրանից, նաեւ սպառողների իրավունքների պաշտպանությունը, այդ թվում՝ համացանցային շուկայի  ոլորտում, նշում է «Կոմերսանտը»: Թագուհին չի  նշել երկու օրենքների մասին՝ համացանցի օգտագործման վերահսկողության եւ  ալկոհոլի նվազագույն գնի սահմանման վերաբերյալ: Գերակայությունների շարքում չի հայտնվել նաեւ  ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին պահպանողականների առաջարկությունը: