Առեւտրի համաշխարհային կազմակերպության նոր ղեկավար է դարձել բրազիլացի Ռոբերտու Ազեվեւդուն: Այդ մասին հայտնում է Agence France-Presse-ը` վկայակոչելով ԱՀԿ-ում Պակիստանի ներկայացուցիչ Շահիդ Բաշիրին, ով նախագահել է ընտրությունների ժամանակ: Ռոբերտու Ազեվեդուն դարձել է առաջին լատինաամերիկացին, ով գլխավորում է միջազգային առեւտրային ակումբը:
Ազեվեդուի ընտրության մասին լրատվամիջոցները հայտնել էին դեռ մայիսի 7-ին, սակայն պաշտոնապես նրա անունը չէր հաղորդվում, հայտնում է «Ֆոնտանկան»:
Նա իր պարտականությունները սկսելու է կատարել սեպտեմբերի 1-ից, երբ իր լիազորությունները կավարտի ֆրանսիացի Պասկալ Լամին: Նա կազմակերպությունը գլխավորել էր դեռ ութ տարի առաջ:
55-ամյա Ռոբերտու Ազեվեդուն ԱՀԿ-ում Բրազիլիան ներկայացնում է 2008 թվականից: Նա հայտնի դիվանագետ է եւ ավելի քան 20 տարի զբաղվում է տնտեսական հարցերով Բրազիլիայի ԱԳՆ-ում: ԱՀԿ անդամ են 154 երկրներ:



























