Ֆրանսիական Ալֆորվիլ քաղաքում մի քանի օր առաջ դաժան ծեծի ենթարկված հայը դեռ գտնվում է կոմայի մեջ, հայտնում է «Le Parisien»-ը:  19-ամյա հային մի քանի ականտեսների ներկայությամբ  Կորբեյ Էսոն քաղաքում չորս հոգի ծեծի էին ենթարկել նրա հայկական ծագման համար:

Կիրակի կասկածյալները ձերբակալվել են, իսկ դատախազությունը քրեական գործ է հարուցել մահափորձի եւ ծանրացուցիչ հանգամանքներում բռնության համար: Ծանրացուցիչ հանգամանքները վերաբերում են ռասայական հողի վրա բռնությանը:

Հարձակվողներից երկուսը հայտնի են դատական մարմիններին, այդ թվում, բռնության ակտի համար: Երիտասարդը լուրջ վնասվածքներ է ստացել  եւ մինչեւ հիմա կոմայից դուրս չի եկել:

Միջադեպը սարսափեցրել է Ալֆորվիլի հայ համայնքին: Մի քանի ականատեսներ դեռ շոկի մեջ են: «Նրանք մոտ քսան հարված հասցրեցին երիտասարդի դեմքին»,-ասել է Ալիս անունով ականատեսը:

Ալֆորիլի սենատոր քաղաքապետ Լյուկ Կարվունը դատապարտել է «քաղաքում վատ համբավ ունեցող անձանց անընդունելի եւ անթույլատրելի գործողությունները»: «Ես բարձր եմ գնահատում ոստիկանության գործողությունները, որոնք անմիջապես արձագանքել եւ ձերբակալել են հանցագործության հիմնական հեղինակներին»,-ասել է նա: