Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի կրթական թիմի ներկայացուցիչներ Ֆրանցիսկո Մարմոջելոյին եւ Սաչիկո Կատաոկային:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ նախարարն ընդդգծել է, որ Համաշխարհային բանկը Հայաստանի կրթական բարեփոխումների կարեւոր գործընկերներից է: Միաժամանակ Ա. Աշոտյանը հույս է հայտնել, որ ՀԲ-ի աջակցությամբ ընթացող բարեփոխումները կլինեն շարունակական:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել է ՀԲ-ի «Կրթության որակ եւ համապատասխանություն» վարկային ծրագրին եւ այս օրերին Երեւանում ընթացող միջազգային համաժողովում ներկայացված «Կառավարման խնդիրների լուծումը՝ Հայաստանի բարձրագույն կրթության բարեփոխումների կենտրոնում» զեկույցին: ՀԲ ներկայացուցիչների գնահատամամբ՝ Հայաստանում կրթական համակարգի բարեփոխումների արդյունքները դրական են, դինամիկ տեղաշարժը ակնհայտ է հատկապես բարձրագույն կրթության ոլորտում: Այս համատեքստում կարեւորվել է 2012 թվականին Հայաստանի Հանրապետության կողմից Բոլոնիայի քարտուղարության ստանձնումը: Նախարարը նշել է, որ Հայաստանն անցում է կատարում բարձրագույն կրթության ոլորտի երրորդ փուլի բարեփոխումներին, որի հիմնական թիրախներից մեկը բուհական համակարգի կառավարման ռեֆորմներն են, մասնավորապես բարձրագույն ուսումնական հաստատությունների նոր, առավել արդյունավետ կազմակերպաիրավական կարգավիճակի ընտրությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ համատեղ ծրագրերին առնչվող մի շարք այլ խնդիրներ:




























