Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը մայիսի 13-ին Վաշինգտոն կատարելիք այցի ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ կքննարկի սիրիական խնդիրը: Հանդիպման եւս մեկ կարեւոր թեմա կդառնա «մեծ ութնյակի» գագաթաժողովը:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Սպիտակ տանը, հայտնում է, որ Օբաման Քեմերոնի հետ քննարկելու է ՍԱՀ-իիրավիճակը, առեւտրատնտեսական հարաբերությունները, ահաբեկչության դեմ պայքարը, ինչպես նաեւ կայանալիք G8-ի գագաթաժողովի գերակայությունները, որը կանցկացվի հունիսին` Հյուսիսային Իռլանդիայում: Սպիտակ տանը նշել են, որ ամերիկյան առաջնորդը մտադիր է մասնակցել այդ գագաթաժողովին:
«ՌԻԱ Նովոստին» նշում է, որ վերջին օրերին ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան խորհրդակցություններ են անցկացնում Ռուսաստանի հետ` Սիրիայի խնդրի հնարավոր լուծումների հարցով: Այս շաբաթ Մոսկվա է այցելել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին, որը ռուսական կողմի հետ պայմանավորվել է մայիսի վերջին Սիրիայի հարցով միջազգային կոնֆերանս անցկացնել: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնն ԱՄՆ այցելելուց առաջ մայիսի 10-ին կայցելի Սոչի` Վլադիմիր Պուտինի հետ Սիրիայի խնդիրը քննարկելու նպատակով:




























