Միլանի Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին չորս տարվա ազատազրկման դատապարտելու մասին դատավճիռը։ Վերջինս մեղավոր էր ճանաչվել Mediaset ընկերության հարկային խարդախություններում:
Դատարանը կառավարության նախկին ղեկավարին չի ազատել նաեւ հինգ տարվա ընթացքում պետական կառույցներում պաշտոններ եւ երեք տարվա ընթացքում խոշոր ընկերություններում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու մասին արգելքից: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում է, որ Բեռլուսկոնին բանտ չի նստի, քանի որ սենատորի անձեռնմխելիություն ունի: Ներկայումս նրա փաստաբանները մտադիր են դիմել Վճռաբեկ դատարան:
Վերջերս իտալական դատարանը նախկին վարչապետին դատապարտել էր մեկ տարվա ազատազրկման` 2005թ. բանկային սկանդալի հետ կապված գաղտնի հեռախոսազրույցի ապօրինի հրապարակման համար: Ներկայումս 76-ամյա քաղաքական գործիչը եւ միլիարդատերը եւս մեկ գործի մասնակից է, որը վերաբերում է Մարոկկոյից անչափահաս պարուհի Քարիմա Մահրուգի հետ (Ռուբի) նրա ունեցած հավանական ինտիմ կապին: Այդ գործի լսումները նշանակված են 2013թ. մայիսի 12-ին:




























