Ջոհար Ցարնաեւը, որը ձերբակալվել էր Բոսթոնում կրկնակի ահաբեկչություն կազմակերպելու համար, ցուցմունք է տվել, համաձայն որի՝ ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ զոհված իր եղբոր՝ Թամերլան Ցարնաեւի այրին կապ չունի ապրիլի 15-ի բոսթոնյան մարաթոնի եզրափակչի պայթյունների հետ։ Ցարնաեւ կրտսերի խոսքով՝ Քեթրին Ռասելը ոչինչ չգիտեր նախապատրաստվող հանցագործության մասին։
Քննիչները շարունակում են ստուգել` կարող էր արդյոք հանուն ամուսնու իսլամ ընդունած եւ ուսումն ընդհատած ամերիկուհի Քեթրին Ռասելը կապ ունենալ ահաբեկչության կազմակերպման հետ: Կինն իշխանություններին է տրամադրել ԴՆԹ-ի իր նմուշը, որպեսզի այն համեմատեն ռումբի բեկորներին մնացած մեկ այլ կնոջ ԴՆԹ-ի հետ: Ըստ փաստաբանների` պարզվել է, որ դա Ռասելի ԴՆԹ-ն չէ, գրում է NEWSru.com-ը:
Հետաքննությունը եկել է այն եզրակացությանը, որ Բոսթոնի մարաթոնի եզրափակչի ժամանակ պայթած ռումբերը հավաքվել էին Թամերլան Ցարնաեւի տանը, որտեղ նա ապրում էր կնոջ եւ երեխայի հետ:
Միաժամանակ, Թամերլան Ցարնաեւի հուղարկավորության հարցը մնում է բաց. ամերիկյան միանգամից երեք նահանգներ հրաժարվել են գերեզմանոցում տեղ տրամադրել ահաբեկչի համար:




























