Ամերիկացի լրագրողները պարզել են, որ Թամերլան Ցարնաեւը Դաղստան կատարած այցի ընթացքում շփվել է իր հեռավոր ազգականի՝ հանրապետությունում հայտնի, այժմ բանտարկված իսլամիստ Մուհամեդ Կարտաշովի հետ։
Time ամսագրի տվյալով՝ Կարտաշովը նախկին ոստիկան է, ազատ ոճի մարտիկ եւ դաղստանյան «Արդարների միություն» կազմակերպության հիմնադիր եւ առաջնորդ, որի անդամները դեմ են մահմեդական աշխարհում ԱՄՆ-ի քաղաքականությանը։
«Արդարների միությունը» հիմնվել է 2011թ., դրա անդամներից շատերը սերտ կապեր ունեն գրոհայինների հետ, մի մասը բանտ են նստել զենք պահելու եւ ահաբեկչությանը սատարելու համար, նշում է պարբերականը։
Մայիսի 5-ին ԱԴԾ-ի աշխատակիցներն առաջին անգամ հարցաքննել էին Կարտաշովին։ Հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին հետաքրքրում էր, թե արդյոք Կարտաշովն ու Ցարնաեւը խոսել են իսլամական արմատականության մասին։ Կարտաշովի փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալը դրական պատասխան է տվել, բայց հայտնել է, որ հենց Ցարնաեւն է փորձել իրեն «ծայրահեղականության դրդել», իսկ զարմիկը, հակառակը, փորձում էր իրեն փրկել մոլորությունից, գրում է InoPressa-ն։
Դաղստանցիներից մեկը, որը հաճախ է Թամերլան Ցարնաեւի հետ նույն շրջապատում գտնվել, պատմել է, որ առաջին իսկ հանդիպումներից մեկի ժամանակ Ցարնաեւը համակրանքով է խոսել դաղստանյան գրոհայինների մասին եւ տարածաշրջանում խռովություններն անվանել «սրբազան պատերազմ»։ Մեկ այլ անգամ նա խոսել էր սրբազան պատերազմի մասին՝ «գլոբալ համատեքստով»։




























