Մեծ Բրիտանիայի ոստիկանության նախկին սերժանտ Ջեյմս Բոուեսը դատապարտվել է 10 ամսվա բանտարկության Sun թերթին գումարի դիմաց տեղեկատվություն տրամադրելու համար: Նման վճիռ է կայացրել Օլդ-Բեյլիի կենտրոնական քրեական դատարանը:

Ավելի վաղ Բոուեսը լսումների ժամանակ ընդունել էր իր մեղքը: Նա հայտնել էր, որ, լինելով Անգլիայի հարավ-արեւելյան Սասեքս կոմսության ոստիկանության աշխատակից, բազմիցս թերթին գաղտնի նյութեր է փոխանցել իրականացվող հետաքննությունների մասին, հաղորդումէ  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Sky News հեռուստաալիքի տվյալներով, Բոուեսի տեղեկատվությունը վերաբերել է տեղական երկու հայտնի դեմքերի` երգիչ Պիտեր Անդրեի եւ մոդել Քերի Փրայսի դուստրերին: Ջեյմսը թերթին հայտնել էր, որ երեխաների պաշտպանության ծառայության աշխատակիցները եկել են Փրայսի նախկին ամուսնու տուն, քանի որ տեղեկություններ էին ստացել, որ դուստրը վնասվածք է ստացել: Սակայն որեւէ վնասվածք չէր հայտնաբերվել, եւ գործը փակել էին: Բոուեսը նամակ էր գրել թերթին եւ գումար պահանջել, սակայն նյութը տպվել էր այլ աղբյուրին հղումով, իսկ գումար չէր վճարվել: Մեկ այլ դեպքում նա 500 ֆունտ (775 դոլար) էր ստացել թերթից: