Նիգերիայի կենտրոնական Նասարավա նահանգում կրոնական ծայրահեղականների կողմից սպանված ոստիկանների թիվը հասել է 46-ի, հաղորդում է Agence-France-Presse-ը` վկայակոչելով տեղի ոստիկանությանը:

Ավելի վաղ հաղորդվում էր 23 զոհերի մասին:

«46 ոստիկաններ սպանվել են Լաֆիա քաղաքից 10 կմ հեռավորության վրա` ապօրինի զինված խմբավորման անդամների կողմից, որոնք դարանակալել էին իրավապահներին, երբ վերջիններս փորձում էին կալանավորել խմբավորման առաջնորդին»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը:

Նահանգի ոստիկանության պետ Աբայոմի Ակերեմալեի խոսքով, ընդամենը 60 ոստիկան է եղել:

«Օմբաթսի» («Ժամանակը եկել է») աղանդի մեջ ընդգրկված են երկրի կենտրոնում ապրող էգգոն ցեղախմբի անդամները: Նրանք պնդում են, որ իրենց հավատքը ժառանգել են նախնիներից եւ մտադիր են երկիրն ազատել արատներից, ալկոհոլիզմից եւ գայթակղություններից: