Բանգլադեշում ութհարկանի շենքի փլուզման հետեւանքով զոհերի թիվն արդեն գերազանցել է հազարը: Այդ մասին մայիսի 10-ին հայտնել է զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչը: 

Նախկինում շենքում  տեղակայված էին կարի հինգ արտադրամասեր, խանութներ եւ բանկի մասնաճյուղ, որոնցում աշխատում էր երեք հազար մարդ: Որոնողափրկարարական աշխատանքների  արդյունքում հաջողվել է փրկել  2,4 հազար մարդու: Արտակարգ պատահարի պահին շենքում գտնվող մարդկանց ճշգրիտ քանակն այդպես էլ չի ճշտվել:

Պարզվել է, որ փլուզված շենքը վթարային վիճակում է եղել: Դրա սեփականատեր Մոհամեդ Սոհել Ռանան ձերբակալվել էր ապրիլի 28-ին` Հնդկաստանի հետ սահմանն անցնելու փորձի ժամանակ: Բանգլադեշի դատարանը վճռել է կալանքի տակ վերցնել նրա ունեցվածքը:  Չկանխամտածված զանգվածային սպանության մեջ մեղավոր ճանաչվելու դեպքում Ռանային եւ ողբերգությանը մասնակից այլ անձանց մահապատիժ է սպառնում, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Շենքի փլուզման հետ կապված` Բանգլադեշի իշխանությունները մայիսի 8-ին վճռել էին փակել կարի 18 արտադրամասեր: