Գվատեմալայի նախկին բռնապետ Էֆրային Ռիոս Մոնտը հերքել է իրեն առաջադրած ցեղասպանության եւ խաղաղ բնակիչների սպանության մեղադրանքները` հայտարարելով իր անմեղության մասին: Գվատեմալայում ընթանում է Ռիոս Մոնտի դատավարությունը, դատախազությունը պահանջում է 75 տարվա ազատազրկման ենթարկել նրան: 

«Ես երբեք թույլտվություն չեմ տվել, չեմ ստորագրել, չեմ առաջարկել եւ չեմ հրամայել որեէ բան անել որեւէ ցեղախմբի նկատմամբ, եւ բոլոր մեղադրանքներն իմ մասնակցության մասին վկայող ոչ մի ապացույց չունեն», - ասել է 87-ամյա գեներալը:

Ռիոս Մոնտը եւ ռազմական հետախուզության նախկին ղեկավար Խոսե Ռոդրիգես Սանչեսը մեղադրվում են ցեղասպանության եւ 1982-1983թթ. Կիչե հյուսիսային նահանգում 1,7 հազար հնդկացիների սպանության մեջ: 

Ռիոս Մոնտը կատարված հանցագործությունների մեղքը բարդել է առանձին  զորահրամանատարների վրա, որոնք իբր ինքնուրույն են  կայացրել այս կամ այն վճիռն այն ժամանակ, երբ իր գործը հիմնականում քաղաքական բնույթի էր:  Ռիոս Մոնտը կարծում է, որ հնդկացիների սպանության թիկունքում կարող էին կանգնած լինել այսպես կոչված «Աղքատների ապստամբ բանակի» անդամները, գրում է «ՌԻԱ Նովոստին»: