Քալիֆորնիայի հարավում 4 շուն գզգզել են 63-ամյա կնոջը: Ոստիկանության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Փալմդեյլ քաղաքի մոտ գտնվող գյուղերից մեկի տարածքում: Կնոջ վրա են հարձակվել 4 փիթբուլթերիերներ:

Հարձակման ականատեսները փորձել են ավտոմեքենաների ազդանշաններով վախեցնել շներին, իսկ մոտակայքում գտնվող ոստիկանը կրակել է շներից մեկի վրա: Շներն անհետացել են:

Հարձակման զոհն ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցի ճանապարհին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ոստիկանությունը որոնում է շներին, որին մասնակցում է նաեւ ուղղաթիռ: Շների գտնվելու վայրի մասին տեղեկություն հայտնողին 25 հազար դոլար պարգեւ են խոստանում:

Ավելի ուշ Facebook-ի իր էջում Փալմդեյլի շերիֆը շնորհակալություն է հայտնել քաղաքի բնակիչներին՝ որոնումներում ակտիվ մասնակցություն ունենալու համար: Նա հայտնել է, որ ոստիկանությունը տներից մեկում 8 շուն է գտել ու տարել, սակայն չի հաղորդվում, թե արդյոք այդ շների մեջ են կնոջ վրա հարձակվածները: