ԱՄՆ-ում մեղադրանք է ներկայացվել յոթ հաքերների, որոնք ըստ հետաքննության, բանկոմատների միջոցով 45 միլիոն դոլար են հափշտակել:

The New York Times-ը գրում է, որ հարձակումը երկու փուլով է կատարվել. առաջինը եղել է  2012թ. դեկտեմբերի 21-ին, իսկ երկրորդը` 2013թ. փետրվարի 19-ին: Յուրաքանչյուր փուլը տեւել է մի քանի ժամ:  Առաջին անգամ չարագործները գողացել են 5 միլիոն դոլար, իսկ երկրորդ անգամ` 40 միլիոն դոլար:

Գողերը գործել են նույն սխեմայով: Նրանք ընկերություններից գողացել են քարտերի մասին տեղեկությունները, իսկ հետո ավելացրել միանգամից հանվող կանխիկ  գումարի չափը: Դրանից հետո հաքերները «կեղծ» քարտեր են պատրաստել եւ միջոցները կանխիկացրել բանկոմատների միջոցով: 

Առաջին անգամ փողերը գողացել էին արաբական Rakbank բանկից, իսկ երկրորդ անգամ` Օմանում գտնվող  Bank of Muscat-ից:

Հարձակման առանձնահատկությունը դրա միջազգային բնույթն էր. փողերը հանվում էին 27 երկրներում գտնվող բանկոմատներից ` ներառյալ Մեծ Բրիտանիան, Կանադան, Ռումինիան եւ Ճապոնիան, գրում է lenta.ru-ն: Հայտնի է, որ ձերբակալված բոլոր հաքերներն ԱՄՆ-ի քաղաքացիներ են` 22-35 տարեկան:  Ութերորդ կասկածյալը, որը ենթադրաբար ղեկավարել է ադ գործողությունը, ապրիլին մահացած հայտնաբերվել էր Դոմինիկյան Հանրապետությունում: 

Մեղադրողները թալանն անվանել էին «պատմության մեջ խոշորագույններից մեկը»: