Թուրքմենստանում ձերբակալել են «Ռադիո Ազաթլիք» - ի («Ազատություն» ռադիոկայան) լրագրող Ռովշան Յազմուհամեդովին։ Ձերբակալությունը տեղի է ունեցել Թուրքմենբադ քաղաքում։ 30-ամյա Յազմուհամեդովին ձերբակալել են դեռեւս մայիսի 6-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն նախօրեին։
Ներկա պահին լրագրողը ոստիկանության տեղի բաժանմունքի մեկուսարանում է։ Լրագրողի ազգականների խոսքով՝ թղթակցի գործով զբաղվում է կազմակերպված հանցավորության ու ահաբեկչության դեմ պայքարի բաժինը։
«Թուրքմենստանի քրոնիկներ» պարբերականին տվյալով, տան մոտ, որտեղ մոր հետ ապրում էր Յազմուհամեդովը, տեղադրում են տեսախցիկներ։ Լրագրողի մայրն անձամբ պնդում է, որ վերջին ժամանակներս նրան բազմիցս հարցաքննության են կանչել տեղի ազգային անվտանգության վարչություն։
«Ռադիո Ազաթլիք» - ի հետ Յազմուհամեդովը համագործակցում է 2012 թվականի սեպտեմբերից։ Իր նյութերում նա լուսաբանում է հիմնականում սոցիալական թեմատիկան։




























