NEWS.am-ի խմբագրությունը նամակ է ստացել Երեւանի Ջրվեժի «Մայակ» թաղամասի 3 շենքի բնակիչներից, ովքեր ներկայացնում են իրենց մոտ ստեղծված աղետալի վիճակը:
Նամակում, մասնավորապես, ասվում է.
«Մեզ մոտ մի քանի ամիս է, ինչ աղետալի վիճակ է: Մասնավորապես Երեւան-Ջուր ընկերությանը պատկանող շենքի մոտով հողի միջով անցնող ք. Երեւանին մատակարարվող ջրի մագիստրալներից մեկը վնասվել է եւ շենքի տակ է լցվում մեծ քանակությամբ խմելու ջուր, ինչի հետեւանքով օր-օրի խարխլվում են շենքի հիմքերը:
Բնակիչները բազմաթիվ անգամ դիմել են «Երեւան-Ջուր» ընկերությանը, սակայն ապարդյուն, քանի որ վերը նշված ընկերության աշխատակիցները տեղանքը զննելուց հետո պատճառաբանել են, թե այս վերանորոգումը կախված է մեծ ծախսերի հետ (նշեմ, որ շենքի տակ եւ հարակից գործող 2 խանութների տերերը նրանց առաջարկել են իրենց ֆինանսական օգնությունը):
Բնակիչները պարբերաբար զանգահարում են նշված ընկերություն, որտեղից իրենց պատասխանում են, որ իբր իրենց մոտ վթարներն այնքան շատ են, որ հիմա այդ հարցով չեն կարող զբաղվել:
Եթե Ձեր իրավասության սահմաններում է այս ամենի հիման վրա գրել, ապա ակնկալում ենք Ձեր աջակցությունը:
Կանխավ շնորհակալությամբ շենքի բնակիչներ»:
Նշենք, որ լուսանկարներն արվել են, երբ մի քանի ժամով անջատվել էր Ջրվեժի ջրամատակարարումը:



























