Հայաստանյան մի շարք էկոլոգիական, քաղաքացիական եւ լեռնագնացության խմբեր կտրուկ դեմ են բազալտե ժայռերի վրա մագլցմանը եւ արգելում են դա անել որեւէ մեկին:

Այս մասին հայտարարություն են տարածել 5 կազմակերպություններ: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի տարբեր վայրերում գտնվող բազալտե սյուների վրա ժայռամագլցումը խաթարում է այդ ժայռային գոյացությունների ամբողջականությունն ու բնական տեսքը, դրանց վրա բնակվող թռչունների կենսական միջավայրը, ինչպես նաեւ ազդեցություն է թողնում հարող տարածքների կենսաբազմազանության վրա, հայաստանյան մի շարք էկոլոգիական, քաղաքացիական եւ լեռնագնացության խմբեր այսուհետ կտրուկ դեմ են արտահայտվում այդ ժայռերի վրա մագլցմանը եւ արգելում են դա անել որեւէ մեկին:

Սույն եզրակացությունը հիմնվում է Up The Rocks ակումբի փորձի վրա, որն 2009թ. ի վեր փորձում էր այդ ժայռերի վրա պահպանողական ոճով

զարգացնել ժայռամագլցումը: 2012թ սկսած ակումբը որդեգրեց էլ ավելի խիստ մոտեցում` ժայռերի վրա ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար, որը միաժամանակ կտրուկ սահմանափակում էր մագլցողների քանակը, հնարավորություն տալով միայն փոքրաթիվ՝ գերազանց վարպետության եւ փորձի տիրապետող ժայռամագլցողների մագլցել դրանց վրա: Մագլցողների քանակի կտրուկ սահմանափակումը հանդիսանում էր նաեւ փոխզիջման տարբերակ, որի շնորհիվ ժայռամագլցման շարունակումը բազալտե սյուների վրա դրանից բխող բացասական ազդեցություններն աննշան դարձնելով` ընդունելի կլիներ բնապահպանական տեսանկյունից:

Սակայն Up The Rocks ակումբը, սեփական փորձի արդյունքում պարզեց, որ արտերկրից ժամանած նույնիսկ աշխարհում հայտնի ժայռամագլցման վարպետները հակում ունեն խախտելու սահմանված պահպանողական կանոնները, եւ դա գործնականում գրեթե անհնար է վերահսկել:

Սույն հայտարարությունը տարածելով, նպատակ ունենք իրազեկել բոլոր ժայռամագլցողներին, թե տեղացի եւ թե արտերկրից, որ այսուհետ Հայաստանյան բնաշխարհի ոչ մի բազալտե սյուն ենթակա չէ ժայռամագլցման:

Լրացուցիչ մասնագիտական տեղեկատվության համար դիմել [email protected] հասցեով:

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)

«Փրկենք Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնություն

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն

«Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ

«Up The Rocks» ակումբ