Հայ դասական երաժշտության «Կանթեղ» անսամբլը մայիսի 17-ին, Կոմիտասի անվան Կամերային Երաժշտության Տանը կներկայացնի Կոմիտասյան համերգաշարի համերգ-դասախոսությունը: Դասախոսության ղեկավարն ու վարողն անսամբլի գեղարվեստական ղեկավար, դասախոսության հեղինակ Ռուսաստանի Արվեստի ասպարեզում բարձրագույն նվաճումների համար շնորհվող «Տրիումֆ» մրցանակի դափնեկիր Արփինե Կալինինան է: Մուտքն ազատ է:
Կհնչեն Կոմիտասի մեներգերի փոխադրությունները սաքսոֆոնի եւ դաշնամուրի համար, Կոմիտասյան մեղեդիների հիման վրա գրված Արփինե Կալինինայի դաշնամուրային իմպրովիզացիաները: Համերգային հատվածներն կընդմիջվեն են կատարվող մեներգերի բանաստեղծական տեքստերով եւ դասախոսությամբ, որի հիմքում Կոմիտասի մեներգերի մասին գրված Ա. Կալինինայի երաժշտագիտական ակնարկն է:
«Կանթեղը» փորձում է հանրությանը հնարավորինս համակողմանի ներկայացնել եւ խորապես սիրելի դարձնել Կոմիտասի ժառանգությունը, որը հայ ժողովրդի պատմության յուրօրինակ սեղմագիրն է եւ բացահայտում է մեր ժողովրդի իսկական ինքնությունը:
Նշենք, որ մինչ օրս տեղի է ունեցել 22 համերգ-դասախոսություն:




























