Երեւանում, մայիսի 26-ին, մեկնարկում է «Ճանաչիր Երեւանը» խորագրով մրցույթ-հեծանվավազքը: «Ճանաչիր Երեւանն» ունի մի քանի նպատակ։ Նախ՝ կազմակերպիչները ցանկանում են ապացուցել, որ հեծանիվներով հնարավոր է անցնել Երեւանի մի կետից մյուսը, եւ քաղաքի ռելիեֆը դրա հնարավորությունը տալիս է»,-այս մասին, այսօր՝ մայիսի 11-ին, մամուլի ասուլիսում նշել է նախաձեռնության կազմակերպիչ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը: Նրա խոսքով՝ այս նախաձեռնությունը կմեծացնի հետաքրքրությունը հեծանվային սպորտի նկատմամբ, բացի այդ, հեծանիվն ավելի շատ կօգտագործվի առօրյայում որպես փոխադրամիջոց։
Հեծանվավազքի հաջորդ կարեւորագույն կոմպոնենտը երիտասարդության համախմբումն է։ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համար կարեւոր է ցանկացած նոր գաղափար, որն իր շուրջ կհամախմբի երիտասարդների։ Մենք փորձում ենք, պահպանելով ավանդական ծրագրերը, կյանքի կոչել նոր գաղափարներ, որոնք ավելի կընդլայնեն երիտասարդների հետաքրքրությունները»,- նշել է Արուսյակ Պողոսյանը:
«Հայասա» երիտասարդական ՀԿ նախագահ Սուրեն Մկրտչյանն էլ տեղեկացրել է, որ «Ճանաչիր Երեւանը» խորագրով մրցույթ-հեծանվավազքին մասնակցելու հայտ է ներկայացրել մոտ 300 երիտասարդ՝ հասարակական կազմակերպություններից, ուսանողական խորհուրդներից, երիտասարդական խմբերից։ Նրանք մրցույթին կմասնակցեն 5 հոգանոց թիմերով: Յուրաքանչյուր խումբ կանցնի Երեւան քաղաքի հինգ վայրերով (արձան, այգի, հայտնի պողոտա, պետական շենք, համեմատաբար անհայտ փողոց), որոնց գտնվելու վայրերը թիմի անդամները պետք է վերծանեն հանելուկների միջոցով:




























