Տեղի է ունեցել «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ, ՀՀ ԳԱԱ Երիտասարդ գիտնականների խորհրդի, «Երիտասարդ քիմիկոսների ասոցիացիա» ՀԿ՝ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան հետ համատեղ կազմակերպած Հայաստանի երիտասարդ գիտնականների արագ շախմատի սիրողական առաջնությունը:
Առաջնությանը մասնակցել են շուրջ 30 երիտասարդ գիտաշխատողներ, դասախոսներ, լաբորանտներ, ասպիրանտներ եւ երիտասարդական գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ ՀՀ տարբեր ԲՈՒՀ-երից, գիտահետազոտական հիմնարկներից եւ երիտասարդական կազմակերպություններից: Առաջնությունն անցկացվել է շվեյցարական մրցակարգով՝ 7 փուլով: Մրցաշարի արդյունքում 7 միավորով առաջնության հաղթող է ճանաչվել Զորյան Ինստիտուտը ներկայացնող Վահրամ Այվազյանը: Երկրորդ եւ երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտ Իսահակ Խաչատրյանը եւ ՀՀ ԳԱԱ ՕԴՔԳՏ կենտրոնը ներկայացնող Վարդան Մամիկոնյանը: Լավագույն արդյունք ցուցադրած կին խաղացողի կոչմանն արժանացել է ԵՊՀ Ուսանողական գիտական ընկերությունը ներկայացնող Ռուզաննա Յոլչյանը: Բոլոր հաղթողներն արժանացել են պարգեւների եւ պատվոգրերի:




























