ՌԼԴԿ-ի ներկայացուցիչ, պատգամավոր Միխայիլ Դեգտյարյովն առաջարկում է Ռուսաստանում արգելել դոլարի շրջանառությունն ու պահպանումը՝ ռուսաստանցիներին ֆինանսական սպառնալիքներից պաշտպանելու համար:

Եթե նրա մշակած օրինագիծն ընդունվի, երկու տարուց այդ արժույթը կարող է օրենքից դուրս հայտնվել:

Ըստ պատգամավորի` նախաձեռնությունը թույլ կտա քաղաքացիներին պաշտպանել   ֆինանսական ճգնաժամից` ամերիկյան արժույթի կտրուկ անկման դեպքում: Դեգտյարյովը վստահ է, որ ամերիկյան արժույթը փլուզման շեմին է, այդ պատճառով էլ պետք է գործել այս պահից: «Եթե ԱՄՆ-ի պետական պարտքն աճի, ապա դոլարային համակարգի փլուզումը տեղի կունենա արդեն 2017թ.: Հատկապես կտուժեն այն երկրները, որոնք ժամանակին չեն ազատվել դոլարային կախվածությունից», – պարզաբանել է Դեգտյարյովը:

Dni.ru-ն, նշում է, որ խորհրդարանականի նախաձեռնությունն էական խոչընդոտների է բախվում: Ռուսաստանը շարունակում է դոլարով վաճառել արտահանման իր գլխավոր տարրը` նավթը, այդ պատճառով էլ  ամերիկյան արժույթն արգելելու հիմք դեռ չկա:  Երկրորդ, պարզ չէ` ինչպես վարվել այն ռուսաստանցիների հետ, ովքեր աշխատում են արտասահմանյան ընկերություններում եւ աշխատավարձ են ստանում արտարժույթով: