Մայիսի 12-ին, տեղի է ունեցել YAN-ի (Young Armenians’ Network) առաջին առցանց ժողովը, որի օրակարգում ընդգրկված էին Ցանցի կազմակերպական կառուցվածքին, հայկական երիտասարդական կազմակերպությունների հետագա համագործակցության, ինչպես նաեւ  հակահայկական քարոզչության դեմ համատեղ պայքարին վերաբերող հարցեր: Ոստայնի նախագահ, ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը ողջունել է հայկական երիտասարդական կազմակերպությունների ղեկավարներին եւ հույս հայտնեց, որ սեմինարին զուգահեռ անցկացված «Հայերենն իմ սրտում է» համաժողովը ճանաչողական, քաղաքական, պատմական նշանակությունից զատ, ունեցավ նաեւ շոշափելի արդյունքներ, իսկ որ ամենակարեւորն է` այսպիսի դրական շարունակություն: Ներկայացնելով հայ երիտասարդության առջեւ ծառացած ներկա հիմնական մարտահրավերները` նա ընդգծել է, որ բոլորիս գործունեության նպատակը պետք է լինի հզոր Հայաստան ունենալը, նրա շենացմանը մասնակցելը եւ Սփյուռքում հայ մնալը:

Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆ-ի նախաձեռնած «Երիտասարդական հասարակական կազմակերպությունների դերը տեղեկատվական հասարակությունում» խորագրով միջազգային սեմինարը կայացել է ապրիլի 22-28-ը Երեւանում, որին մասնակցել են տարբեր երկրներից ժամանած 35 երիտասարդ առաջնորդներ: Սեմինարին աջակցել էին Եվրոպական երիտասարդական հիմնադրամը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի ու ՀՀ սփյուռքի նախարարությունները:  Սեմինարը նպատակ էր հետապնդում համատեղ ուժերով  վեր հանել առցանց երիտասարդական աշխատանքի արդյունավետ մեթոդները եւ խրախուսել դրանց կիրառումը Հայրենիքի ու Սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների կողմից: Սեմինարի ավարտին մասնակիցների ուժերով ստեղծվել է երիտասարդ հայերի ցանց՝ YAN – Young Armenians’ Network, որին միացել են երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները: Ինչպես նշել է ծրագրի համակարգող Սոֆյա Պիրադյանը՝ ծրագրի արդյունքներից մեկն այն էր, որ հնարավորություն է ստեղծվել մշակել երկարատեւ համագործակցության ծրագրեր եւ ապահովել ծրագրի շարունակականությունը: