Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է Եվրամիությունում PCD-ի (Պաթոլոգիայի, ցիտոլոգիայի զարգացում հասարակական կազմակերպություն) լիազոր անդամ Այծեմիկ Ասատրյանին, ով միաժամանակ համակարգում է «հայ–ֆրանսիական համագործակցություն ուռուցքաբանության բնագավառում» ծրագիրը։
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Այծեմիկ Ասատրյանը նախարարին նախ ներկայացրել է ուռուցքաբանության ոլորտում մինչեւ այժմ իրականացված ծրագրերն ու դրանց արդյունքները։ Տեղեկացրել է, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնին նվիրաբերված սարքերի ու սարքավորումների փոխադրումն ապահովել է Ֆրանսիայի հայ բժիշկների միությունը (UMAF), իսկ գործարկումը կատարել են նվիրատուների ինժեներները։ Նա ուրախությամբ շեշտել է, որ այժմ բարեգործական իրենց ծրագրերն ընդլայնելու նոր հնարավորություն է ստեղծվել, քանի որ PCD-ն Կովկասում արդեն պաշտոնական ներկայացուցիչ ունի:
Այծեմիկ Ասատրյանը նաեւ նշել է, որ PCD-ն, նախկինի պես գործունեություն ծավալելով հիմնականում բժշկական-գիտական եւ տեխնիկական ուղղվածությամբ, կընդլայնի հակաքաղցկեղային ծրագիրը՝ ստեղծելով ժամանակակից լաբորատոր համակարգ, ինչը կնպաստի ախտորոշման մեթոդների բարելավմանը։ Առողջապահության նախարարն իր գոհունակությունն է հայտնել անցած երեք տարիների ընթացքում ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ իրականացված ծրագրերի առթիվ։ Դերենիկ Դումանյանն իր հյուրին ներկայացրել է ուռուցքաբանության ոլորտում երկրում սկսված ծրագիրը՝ անդրադառնալով ինչպես Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի կառուցմանը, արյունաբանական կենտրոնում ոսկրածուծի փոխպատվաստման տարածաշրջանում առաջին բաժանմունքի ստեղծմանը, այնպես էլ, Համաշխարհային բանկի դրամաշնորհային ծրագրով սկրինինգ ծրագրերի իրականացմանը։ Նախարար Դումանյանը կարեւորել է Հայաստանում ուռուցքաբանության ոլորտում ռադիոիզոտոպների արտադրության հիմնումը, որը բեկում կմտցնի ուռուցքաբանության զարգացման գործում:
«Կարծում եմ ճիշտ կլինի, որ, հաշվի առնելով Հայաստանում պետականորեն իրականացվող ծրագրերը, մեր համատեղ աշխատանքները սկսենք ուռուցքաբանության ռազմավարության ծրագրի վերանայումից, դրանում ընդգրկելով թե՛ ախտորոշման հզորացումը, թե՛ կառուցվածքային բարեփոխումները եւ թե՛ հեռանակարները։ PCD-ն կասի, թե ինչ ակնկալիքներ կարող ենք ունենալ, մենք էլ մեր հերթին կներկայացնենք մեր կարիքները»,-ասել է նախարարը։
Այնուհետեւ քննարկվել են հետագա համագործակցության ոլորտներն ու ապագա այլ ծրագրեր։
Այծեմիկ Ասատրյանը նշել է, որ այժմ Եվրամիության կողմից առավել բարենպաստ պայմաններ են ստեղծվել ոչ կառավարական բարեգործական ծրագրերի իրականացման համար, ինչն առավել լավ հնարավորություն է ստեղծում նախանշված ծրագրերը կյանքի կոչելու համար:




























