Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է Հռոմի «Թոր Վերգատա» բժշկական համալսարանի ռեկտոր Ռենատո Լաուրոյի ղեկավարած պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում բարեգործական առաքելությամբ։
«Ուրախ եմ, որ ներկայացնելով հեղինակավոր ուսումնական հաստատություն եւ կլինիկա, Հայաստանում եք գտնվում մեզ համար չափազանց կարեւոր՝ մանկական հիվանդանոց ստեղծելու առաքելությամբ։ Երեխաների առողջության պահպանումը Հայաստանում թիվ մեկ գերակայություն է, եւ ՀՀ կառավարությունը նման ծրագրերին մեծ կարեւորություն է տալիս»,-ասել է նախարար Դումանյանը։
Ռենատո Լաուրոն ներկայացրել է, որ իրենց այս ծրագիրը ծնվել է Իտալիայում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Ռուբեն Կարապետյանի հետ մի շարք հանդիպումների արդյունքում։ Ավելին, այս ծրագրի շուրջ եռակողմ համաձայնագիր են կնքել «Թոր Վերգատա» համալսարանի ռեկտոր Ռենատո Լաուրոն, «Դադիվանք» հիմնադրամի նախագահ Ռուբեն Կարապետյանը եւ «Անաստասիս» ընկերակցության նախագահ Ռիկարդո Աքուիլան։
40 հազար ուսանող ունեցող Հռոմի «Թոր Վերգատա» համալսարանը մանկական հիվանդանոցներ է կառուցել Ալբանիայում եւ Կոնգոյում։ Իսկ վերջերս Հռոմում կառուցել է 800 մահճակալով հիվանդանոցային համալիր՝ հանրակացարանային, մարզային, հյուրանոցային (հիվանդների հարազատների համար) եւ այլ հարակից կառույցներով։ Ավելին' ծրագրել են Հռոմում կառուցել նոր համալիր՝ էկոլոգիապես մաքուր նյութերով։
Թե ինչու է որոշվել հերթական հիվանդանոցը կառուցել Հայաստանում, պատվիրակության Իտալիայի կառավարության անդամն իր մեկնաբանությունն ունի. հաշվի է առնվել երկու երկրների երկարամյա բարեկամությունը, այն, որ Հայաստանը քրիստոնեության օրրան է, ինչպես նաեւ այն որ, հայերը շատ բան են տվել Եվրոպային ու մասնավորապես Իտալիային։ Այսօր Հռոմում աշխատող հազարից ավելի բժիշկներից շատերը հաջողված, ոմանք էլ ճանաչված մասնագետներ են։
Նրանք Դերենիկ Դումանյանին հաղորդել են, որ Երեւանում մանկական հիվանդանոցի կառուցման վայրը հստակեցնելուց հետո մի քանի ամսվա ընթացքում ձեռնամուխ կլինեն միջոցների հայթայթմանը։ Հյուրերը նախարարին վստահեցրել են, որ այս ծրագիրը համագործակցության նոր հեռանկարներ կբացի եւ բազմապրոֆիլ այլ ծրագրերի սկիզբը կդրվի։
Իտալական պատվիրակությունը, հետաքրքրություն ցուցաբերելով ոսկրածուծի փոխպատվաստման հեռանկարի նկատմամբ, պատրաստակամություն է հայտնել առաջիկայում համագործակցել ինչպես այդ, այնպես էլ դեղագործության ոլորտում։
«Հիվանդանոցը, որ պետք է կառուցվի մեր կողմից, չպետք է մրցակցի ձեր մյուս կլինիկաների հետ։ Սակայն այդ կենտրոնին մեր համակողմանի աջակցությունն ենք ցուցաբերելու, եւ ժամանակի ընթացքում այն իր դրական ազդեցությունն է ունենալու մանկաբուժության առաջընթացի գործում։ Պարոն Բաբլոյանի հետ ունեցած մեր հանդիպման ընթացքում համոզվել ենք, որ ձեր երկրում այս ուղղությամբ լուրջ հիմքեր կան»,-ասաց Հռոմի «Թոր Վերգատա» համալսարանի ռեկտոր Ռենատո Լաուրոն։
Նախարար Դումանյանը հայ ժողովրդի եւ ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Իտալիայի կառավարությանը եւ ժողովրդին նման աջակցության համար։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը։




























