Եվրամիության ինտեգրման գործընթացի շրջանակներում ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը կնքել է աշխատանքային համաձայնագիր Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) հետ: Ըստ այդմ՝ Հայաստանում պետք է ներդնել գործակալության կանոնակարգերը՝ անվտանգության վերահսկման եւ աերոնավիգացիոն սպասարկման ապահովման նպատակով:
Այդ կանոնակարգերի համաձայն՝ օդային երթեւեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի եւ դիտարկման, աերոնավիգացիայի օդերեւութաբանական ապահովման, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություններ իրականացնող կազմակերպություններին թույլտվություն տալու գործընթացներում կազմակերպությունները պետք է ներկայացնեն տեղեկատվություն իրենց ֆինանսական կարողությունների, տնտեսական եւ ֆինանսական հնարավորությունները մասին, ինչպես նաեւ ապացույցներ այն մասին, որ կազմակերպությունը կանոնավոր ենթարկվում է ֆինանսական անկախ աուդիտի:
ՀՀ կառավարության մայիսի 16-ի նիստի օրակարգում ներառվել է գործող եւ եվրոպական չափանիշներին չհամապատասխանող կանոնակարգում փոփոխություն կատարելու նախագիծ:



























