Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայոց Արեւելյան թեմ կատարած հայրապետական այցի ընթացքում` մայիսի 10-ին, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ներկա է գտնվել ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից կազմակերպված` ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի անդամ, ազգային բարերար տիար Նազար Նազարյանի մեծարման հանդիսությանը:

Հանդիսության ընթացքում Գարեգին Բ-ն Նազար Նազարյանին շնորհել է «Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս եւ հայրապետական շքանշան` ի գնահատություն Աստվածկառույց Սուրբ Էջմիածնի հավետ պայծառությանը որդիական սիրով ու նախանձախնդրությամբ բերած բացառիկ ավանդի ու աստվածահաճո ծառայությունների:

Տիար Նազար Նազարյանն իր սրտաբուխ նվիրատվություններով շարունակ նպաստել է Սփյուռքի համայնքային, կրթական-սոցիալական ծրագրերին, միշտ եղել է հայապահպանության ջատագովն ու քարոզիչը: 1962 թ. ի վեր Լիբանանում գործում է Նազարյան դպրոցը, կառուցվել են սրահներ Բուենոս Այրեսի ՀԲԸՄ կենտրոնի, Քալիֆորնիայի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի, Նյու Յորքի «Նուբար» ճամբարի համար: Նազարյան ընտանիքը կարեւոր իր նպաստն է բերել Նյու Ջերսիի Սբ. Թովմաս եկեղեցու կառուցմանը, հաստատել է հատուկ հիմնադրամ, որը կրթաթոշակներ է ապահովում բարձրագույն ուսում ստացող հայ ուսանողների համար, աջակցել է Սփյուռքի տարբեր ազգապահպան ծրագրերի իրագործմանը:

1988 թ. սոսկալի երկրաշարժի օրերից սկսյալ Նազարյան ընտանիքը սատար կանգնեց նաեւ Հայրենիքին` հատկապես ՀԲԸՄ կողմից իրագործվող բազմաթիվ ծրագրերի միջոցով զորակցելով նորանկախ Հայաստանի առաջընթացին, շինությանն ու պայծառությանը: Կարեւոր իրագործումներից էր Լիբանանում ՀՀ դեսպանատան համար շենքի կառուցումը եւ ընծայումը Հայրենիքին, Ջեֆերսոնի անվան գերձայնային հետազոտությունների եւ կրթության ինստիտուտի հետ համատեղ ստեղծված գերձայնային հետազոտությունների կենտրոնի եւ Երեւանի Մխիթար Հերացիի անվան բժշկական համալսարանի ճառագայթային ախտորոշման եւ բուժման ՀԲԸՄ-ԵՊԲՀ «Լեւոն եւ Կլաուդիա Նազարյան» ռադիոլոգիայի կենտրոնի հիմնումը: Նազարյան բարերարների հովանավորությամբ Երեւանում այժմ կառուցվում է ՀԲԸՄ հայաստանյան նոր գրասենյակը:

Ազգասեր ու եկեղեցաշեն բարերարները մշտապես սատարել են Մայր Աթոռ Ս. Էջմիածնին եւ Հայոց Եկեղեցուն: Նազար եւ Արտեմիս Նազարյանների ազնիվ բարերարությամբ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700-ամյակի առիթով կառուցվեց Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու Ս. Տրդատ մատուռը: Նազարյան ընտանիքի առատաձեռն ընծայաբերումներով Մայր Աթոռում 2002 թ. հիմնանորոգվեց Ղազարապատի սարկավագների թաղը եւ միաբանական սեղանատունը, իսկ 2008 թ. կառուցվեց Դիվանատան շենքը: Հավատավոր Նազարյան ամուսիններն այսօր էլ շարունակում են զորավիգ լինել Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կրթական, սոցիալական ու հայապահպան առաքելությանը: