Վրաստանում Հայաստանի դեսպանությունում, մայիսի 13-ին, կազմակերպվել է Հաղթանակի եւ խաղաղության տոնին նվիրված ընդունելություն, որի ժամանակ պարգեւների հանձնման արարողություն է կայացել:

Ընդունելությանը ներկա են եղել Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, դեսպանության աշխատակիցներ, հոգեւոր դասի եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:

Վրաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդի կողմից «Ծովակալ Իսակով» եւ «Մարշալ Բաղրամյան» հուշամեդալներ, պարգեւներ եւ արժեքավոր նվերներ են հանձնվել Երկրորդ աշխարհամարտի վետերաններին եւ արցախյան հերոսամարտի թբիլիսահայ մասնակիցներին:

Հայաստանի պաշտպանության նախարարության գերատեսչական պարգեւների հանձնման արարողության ավարտին դեսպան Մանուկյանը շնորհավորել է Մեծ հաղթանակի եւ  Շուշիի ազատագրման համար մղված մարտերի մասնակիցներին մայիսյան եռատոնի կապակցությամբ եւ նշել, որ նրանց  սխրանքը հայրենասիրության օրինակ է յուրաքանչյուր հայորդու համար: