Անցյալ տարի հունիսին մեկնարկած «Երիատասարդ գիտնականների աջակցության ծրագիրը» (ԵԳԱԾ) մոտենում է ավարտին, ժամանակն է գնահատելու այն ու խորհելու հետագա անելիքների շուրջ։

Ծրագրին հատկացվել  է 100 միլիոն դրամ, գումարը տրամադրվել է երիտասարդ գիտնականներին՝ չորս ենթածրագրի շրջանակներում՝ գիտական դրամաշնորհներ, ճամփորդական դրամաշնորհներ (արտերկրում գիտաժողովների մասնակցելու համար), Հայաստանում գիտաժողովների եւ սեմինարների ֆինանսավորում եւ անվանական մրցանակներ գիտության տարբեր ոլորտներում։ Կար նաեւ «այլ ծրագրեր» անվանակարգը, որի շրջանակներում կազմակերպվել էր լրագրողական մրցույթ։

ԵԳԱԾ-ի գաղափարը հղացավ, երբ 2011-ի ամռանը Ծաղկաձորում նախագահ Սարգսյանը հանդիպեց ֆեյսբուքյան «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ՊԳՖԱ) նախաձեռնության անդամներին, եւ, լսելով երիտասարդ գիտնականների  պահանջները, խոստացավ նախնական ինչ-որ գումար տրամադրել՝ տեսնելու, թե երիտասարդներն այն ինչպես կտնօրինեն։ Նախագահը նաեւ հավելեց, որ եթե ծրագիրը հաջողվի, ապա այն կդառնա շարունակական, իսկ գումարը կավելացվի։

Հետագա քննարկումների ժամանակ նախագահի աշխատակազմի կողմից առաջարկվեց ստեղծել համապատասխան հիմնադրամ, սակայն ՊԳՖԱ-ի անդամները դրան կտրականապես դեմ եղան՝ կոռուպցիոն ռիսկերի պատճառով։ Արդյունքում գումարներն ուղղվեցին Հայաստանի երիտասարդական հիմնադրամին, իսկ ծրագիրն իրականացնելու համար ստեղծվեց ավագների խորհուրդ և երիտասարդներից կազմված Ղեկավար մարմին, որի կազմում ընդգրկվեցին 9 հոգի, 3-ը` Գիտությունների ազգային ակադեմիայի Երիտասարդ գիտնականների խորհրդից, 3-ը` բուհերի ուսանողական գիտական ընկերություններից, ևւ 3-ը` ՊԳՖԱ-ից։ ՊԳՖԱ-ն պնդեց մի քանի հիմնարար սկզբունքներ՝ Ղեկավար մարմնի անդամներն աշխատում են առանց վարձատրման, ռոտացիոն սկզբունքով, իսկ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով։ Ղեկավար մարմնի այլ անդամներն սկզբից փորձեցին դիմադրել, բայց ստիպված եղան դրանք ընդունել, թեպետ այդպես էլ չկատարեցին պահանջներից մեկը՝ բացի ՊԳՖԱ-ի անդամներից, մարմնի մնացած անդամները (մեկ բացառությամբ) մնացին անփոփոխ։

Կարելի՞ է արդյոք համարել ԵԳԱԾ-ը հաջողված, այն կշարունակվի՞, կընդլայնվի՞, թե՞ կփակվի։ Հնարավո՞ր են կառուցվածքային փոփոխություններ, թե՞ Ղեկավար մարմինը կշարունակի աշխատել նույն ձեւով։ Այս հարցերի շուրջ NEWS.am թղթակիցը զրուցեց Ղեկավար մարմնի մի քանի անդամների հետ։

ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Գեւորգ Վարդանյանը ծրագիրը գնահատում է շատ բարձր՝ խնդրելով դա անհամեստություն չհամարել։ «Աշխատել է մի թիմ, որը դրա համար չի վարձատրվել, այսինքն՝ լրիվ հասարակական հիմունքներով։ Շատ կարեւոր եմ համարում նաեւ այն, որ այդ ամենը եղել է շատ թափանցիկ. հայտերը տեղադրվել են համացանցում»,- ասում է նա ու հավելում, որ անվանական մրցանակաբաշխությունների թվով 114 հայտերի պարագայում եղել է ընդամենը 3-4 բողոք-հարց, այն էլ հարթվել է՝ բացատրություն տալուց հետո։ Սա, ըստ Գեւորգի, բարձր արդյունավետության ցուցանիշ է։

Գ. Վարդանյանը կարծում է, որ ծրագիրը կլինի շարունակական։ Շուտով ԵԳԱԾ-ը պետք է նախագահին ներկայացնի հաշվետվություն, դրանից հետո Գեւորգի սպասումները հետեւյալն են՝ «Քանի որ ԵԳԱԾ-ը բարձր արդյունավետությամբ ծրագիր է, նախագահն էլ հակված է մշտապես աջակցելու երիտասարդ գիտնականներին, ուրեմն՝ հաստատ կշարունակվի։ Միգուցե նաեւ գումարը կավելանա»։

Կպահպանվե՞ն արդյոք գործող սկզբունքները հետագայում, Գեւորգն առայժմ ասել չի կարող, քանի որ ծրագրի ընդլայման պարագայում գործը կշատանա, եւ այդ դեպքում հայտնի չէ, թե կոնկրետ ինչ մոտեցում կցուցաբերվի։ Ինքն անձամբ պատրաստ է շարունակել աշխատել այնպես, ինչպես աշխատել է մինչ օրս (իմա, առանց վարձատրության), անգամ ավելի լայն թափով։

Գ. Վարդանյանը նշում է, որ ինքն ամենսակզբից էլ հակված չէր ընդունելու ռոտացիայի սկզբունքը, քանի որ «մենք այդ ընթացքում բավականին թրծվել ենք, իսկ նորեկը պրոցեսը կդանդաղեցնի», իսկ ինչ վերաբերում է մարդկային գործոնին, ապա այն, ըստ Գ. Վարդանյանի, բացառվում է, քանի որ մշակված է գնահատման հստակ համակարգ, հայտերն անցնում են անկախ փորձաքննություն։

ԳԱԱ երիտասարդ գիտնականների Ղեկավար մարմնի անդամ Ջոն Կարապետյանը հիմնական ձեռքբերում է համարում այն, որ Ծրագրի իրականացման ընթացքում մշակվել են հստակ չափորոշիչներ՝ միջազգային պահանջներին համապատասխան, եւ շատ կարեւոր է համարում նաեւ այն, որ դա արվել է հենց կոնսենսուսի սկզբունքով։ Ջոն Կարապետյանը եւս հույս ունի, որ ծրագիրը  բարձր գնահատականի կարժանանա, կշարունակվի եւ կընդլայնվի։ Ինչ վերաբերում է ծրագրի ձեւաչափին, այսինքն՝ հնարավոր է արդյոք, որ այն փոփոխվի, վերածվի հիմնադրամի, Ջ.Կարապետյանն ասում է, որ դա քննարկման առարկա է, եւ թե ինչ կլինի, նա այժմ ասել չի կարող։ «Խումբը, որ ձեւավորվել է, շատ հետաքրքիր խումբ է, եւ դա է շատ կարեւոր, իսկ կլինի հիմնադրամ, թե ինչ, դա հետագայի հարց է։ Կարեւորը արված գործն է, այլ ոչ թե ձեւաչափը։ Այս ձեւավորված խումբն ինքնին շատ հետաքրքիր մտահղացում է»,- ասում է նա։

ԵԳԱԾ-ի Ղեկավար մարմնում ՊԳՖԱ-ից ընդգրկված անդամներ Արթուր Մովսիսյանն ու Սարգիս Հայոցյանը եւս ծրագիրը հաջողված են համարում, չհաշված փոքր անհարթությունները։ Զրույցի ընթացքում Արթուրը սկսում է Սարգիսին հիշեցնել մի դեպք, երբ ֆորմալ չափորոշիչների պատճառով լեզվի եւ գրականության մրցույթում ավելի արժանավոր մասնակիցը (հայ գրականության մասնագետը) զբաղեցրել էր երկրորդ տեղը, որովհետեւ չուներ արտերկրյա գիտաժողովի մասնակցություն, իսկ առաջին տեղին արժանացողը շահել էր միայն այն պատճառով, որ ռուսաց լեզվի մասնագետ էր, եւ ուներ գործունեության ավելի լայն աշխարհագրություն։ «Հումանիտար ոլորտում պետք էր գուցե ցուցաբերել մի քիչ այլ մետեցում»,- բարձրաձայն խորհում է Արթուրը, իսկ Սարգիսն ավելացնում է, որ որոշ ոլորտներում առաջին կամ նույնիսկ երկրորդ մրցանակ պետք չէր սահմանել ընդհանրապես։ Հետո նայում են ինձ ու միաձայն ասում, որ սա գրելու համար չէ, հետո ծիծաղելով ավելացնում՝ «Ամեն ինչ հրաշալի է»։ 

Արթուրն ու Սարգիսը կտրականապես դեմ են այս Ծրագրի որեւէ ֆորմալացմանը՝ դրամաշնորհի կամ ինչ-որ այլ ձեւաչափի ստեղծմանը, քանի որ Հայաստանի գիտությանը, ըստ նրանց, նոր ադմինիստրատիվ միավոր ամենեւին էլ հարկավոր չէ, եղածն էլ բավարար է, դեռ մի բան էլ ավելի։ «Հենց սկզբից,- հիշեցնում է Արթուրը,- մեզ առաջարկում էին հիմնադրամ ստեղծել, սակայն մենք դեմ էինք ցանկացած գաղափարի, որն իր մեջ կոռուպցիոն ռիսկեր էր պարունակում։ Եթե փորձ արվի գնալ այդ ճանապարհով, ՊԳՖԱ-ն կտրուկ կառարկի։ Եվ եթե վերջիվերջո ամեն ինչ պետք է հանգեր դրան, ապա կարելի էր ուղղակի ավելացնել Գիտության պետական կոմիտեի ֆինանսավորումը եւ ավելացված միջոցներն ուղղել կոմիտեի` երիտասարդ գիտնականների աջակցման նպատակային ծրագրին»։ ԵԳԱԾ-ի հիմնական խնդիրն էր, ըստ նրանց, նոր չափորոշիչների փորձարկումն ու գիտական գործունեության գնահատման բալային նոր համակարգի ներդրումը։ Փաստացի, դա պիլոտային, փորձարարական ծրագրեր իրականացնելու մի հնարավորույթուն էր, երբ Գիտպետկոմի պարագայում այդպիսի գործառույթները դժվար իրականացնելի են։ Իսկ հետագայում արդեն փորձարկված ու հղկված ձևաչափերը Գիտպետկոմը կարող է վերցնել եւ կիրառել։

Անահիտ Սարգսյան