Այսօրվա դրությամբ Հայաստանում անգլերենով աշխատող  դասարանով միայն մեկ դպրոց կա ` Քվանտը, Հայաստանի միակ դպրոցը, որն ընդգրկվել է միջազգային բակալավրիատի ցանցում: Այդ մասին այսօր` մայիսի 15-ի մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Անդրադառնալով միջազգային կրթական ծրագրերի իրականացմանը` նա նշեց, որ դրանց մեծ մասը տվյալ լեզվով ուսուցում է պահանջում: «Մի շարք դպրոցներ այդ ուղղությամբ հավատարմագրման գործընթաց են սկսել, սակայն միջազգային բակալավրիատի կազմակեպությունը շատ խիստ պահանջներ է ներկայացնում, դեռեւս միայն Քվանտին է հաջողվել բավարարել դրանք», - ասել է նախարարը, հույս հայտնելով, որ Հայաստանում նման դպրոցների թիվը կաճի:

Արմեն Աշոտյանի խոսքով` անգլիական դպրոցը գործում է արդեն երկու տարի, սակայն մինչ օրս ոչ մի բողոք չի ստացվել: «Ես սկսում եմ կասկածել, որ բողոքողների խնդիրը  որոշակի լեզվի հետ է կապված: Չի կարելի հանրության շրջանում հակառուսական տրամադրություններ հրահրել, դա ձեռնտու չէ հայ ժողովրդին եւ հայկական պետականությանը», - ընդգծել է նախարարը՝ մեկնաբանելով «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնության գործունեությունը, որի անդամները դեմ են Երեւանի եւ Մոսկվայի միջեւ ստորագրված ռուսական լիցեյի բացման մասին համաձայնագրին: Աշոտյանը կարծում է, որ  կրթությունը պետք է հեռու պահել աշխարհաքաղաքական հարցերից: 

Նա նաեւ հավելել է, որ կան նաեւ ֆրանսիական լիցեյի բացման ծրագրեր: «Սակայն այլ պետությունները եւս պետք է որոշակի ֆինանսական պարտավորություններ ստանձնեն: Հայկական կողմի պարտավորությունն է միայն տարածքի տրամադրումը, մնացած ծախսերը պետք է մյուս կողմը հանձն առնի», - նշել է Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ  միշտ չէ, որ պետությունները պատրաստ են կատարել այդ ծախսերը: Ինչ վերաբերում է չինական դպրոցին, ըստ նախարարի` դա կլինի հայկական դպրոց` չինարենի խորացված ուսուցմամբ, իսկ հիմնական կրթական ծրագրերը դասավանդվելու են հայերենով: