Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այս պահին նոր կորոնավիրուսի դեմ արդյունավետ դեղամիջոց չունի: Հիվանդների թիվը շարունակում է աճել: Հիշեցնենք, Սաուդյան Արաբիայում երկու բուժաշխատողներ վարակվել էին հիվանդներից:
Մասնագետներն առայժմ չեն հայտնում, թե ինչպես եւ ինչ արագությամբ կտարածվի վարակը: «Առայժմ հնարավոր չէ կանխատեսումներ անել, չգիտենք, թե ինչպես է կարելի վերահսկել դրա տարածումը, որն է վարակի աղբյուրը եւ ինչպես է այն փոխանցվում: Պետք է լուրջ աշխատանք կատարենք՝ հիվանդության հետագա տարածման հնարավորությունը նվազագույնի հասցնելու համար», - հայտարարել է ԱՀԿ խոսնակ Գրեգորի Հարթլը, հաղորդում է vesti.ru-ն:
Տարվա ընթացքում վարակվածության 40 դեպք է գրանցվել, մահացության մակարդակը բավական բարձր է. ամեն երկրորդը մահանում է: Վարակը փոխանցվում է միայն սերտ շփման ժամանակ:




























