Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, այսօր` մայիսի 21-ին, Հարսնաքարի» գործով կայացած հերթական դատական նիստին ներկայացել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյան: Նա դատարանում ցուցմունք է տվել ռազմական բժիշկ Վահե Ավետյանին եւ նրա ընկերներին դաժան ծեծի ենթարկելու առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Այս մասինբ NEWS.am-ը տեղեկանում է «Ա1+»-ից:

«Անընդհատ շահարկվում էր, որ ես վախենում եմ դատարանից, դրա համար ներկայացել եմ, եթե կան հարցեր, հարգելի դատարան, խնդրում եմ տվեք»,-ասաց Ռուբեն Հայրապետյանը։

Նա նշեց, որ դեպքի մասին իրեն տեղեկացրել են հեռախոսով եւ ասել, թե վիճաբանությունից հետո Վահե Ավետյանը եւ նրա ընկերները իրենց ոտքով դուրս են եկել ռեստորանային համալիրից, ու ինքը չի գնացել ռեստորան։ «Եթե ես այնտեղ լինեի, նման բան չէր լինի։ Նրանք գիտեն, որ ես չեմ սիրում ցինիկություն»,-ասաց Ռուբեն Հայրապետյանը:

Նախկին պատգամավորի խոսքով`  երբ իմացել է, որ Վահե Ավետյանին վիրահատում են, բարկացել է ռեստորանի անվտանգության աշխատակիցների վրա։ Սակայն չի պարզել դեպքի մանրամասները, թե ով ում է հարվածել. «Ես իրենց ուղղակի վիրավորել եմ, կա հարց, շատ վատ պատմություն եւ սկսվեց քաղաքական շոու կազմակերպել։ Ես վրդովված միայն իրենց անպատվել եմ».-հայտարարել է ՀՀԿ նախկին պատգամավորը։

Նա միայն ասաց, որ պարզել է, որ ամբաստանյալ Արման Խաչատրյանը դեպքի ժամանակ նստած է եղել ավտոմեքենայի մեջ, քանի որ իրեն վատ է զգացել։ Նաեւ միջադեպին մասնակցել են այլ անձինք, որոնց ինքնությունը չի կարողացել պարզել։

Ռուբեն Հայրապետյանը դատարանին խնդրեց հիմք ընդունել նախաքննության ընթացքում տված ցուցմունքները։

Այսօր Ռուբեն Հայրապետյանը նաեւ նշեց, որ ամբաստանյալներին ճանաչում է դեռ մանկուց եւ նրանք նման բան չէին կարող անել։ Նա դատարանին վստահեցրեց, որ 6 ամբաստանյալներից եւ ոչ մեկը չի եղել իր թիկնապահը` միայն անհրաժեշտության դեպքում ուղեկցել են իրեն։

Ի դեպ, այսօր դատական նիստից առաջ Ռուբեն Հայրապետյանը հրաժարվել էր խոսել լրագրողների հետ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո) պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից  մեկը` ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, հունիսի 29-ին հիվանդանոցում մահացել էր:

Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել էր 6 մարդ` Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանն ու Արթուր Բաբլոյանը, որոնց մեջ կան նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ:

Հուլիսի 31-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը նախկինում առաջադրված մեկ մեղադրանքի փոխարեն երեք մեղադրանք էր առաջադրել: Վերաորակված մեղադրանքն առաջադրվել է բոլոր վեց կալանավորվածներին: Նոր մեղադրանքով նրանք մեղադրվում են 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 14-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը , որը կատարվել է մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կողմից եւ անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), եւ 118-րդ հոդվածով (Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը):