Մայիսի 21-ին ձեռքը մսաղացի մեջ թողած երեքամյա երեխային երեկ` մայիսի 21-ին, երկրորդ անգամ են վիրահատել: Թիվ 1 կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Մարինա Հայրյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հավաքել են մսաղացի մեջ մնացած երկու մատները:
Վիրահատությունը տեւել է երկար, բայց այժմ նրա վիճակը բավարար կայուն է, երեխան շոկից դուրս է եկել, առաջիկա 5 օրերը դեռ կհամարվեն կրիտիկական շրջան: Փոքրիկը գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, 5 օրից պարզ կլինի` երեխայի ձեռքը ամպուտացիա կարվի, թե՝ ոչ:
Բժիշկը տեղեկացրեց, որ դեպքը պատահել է խոհանոցում, մայրը մի քանի րոպեով շուռ է եկել, այդ ժամանակ երեխան մատը մտցրել է մսաղացի մեջ եւ սեղմել կոճակը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մայիսի 20-ին, ժամը 11.39-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Փարպեցի փողոցի շենքերից մեկի բնակարանում 3 տարեկան երեխայի ձեռքը մնացել է էլեկտրական մսաղացի մեջ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մսաղացը կտրելու համար փրկարարները 3-ամյա Հենրիկ Օգոմցյանին հոսպիտալացրել են թիվ 1 կլինիկական հիվանդանոց: Ժամը 12.58-ին, բժիշկները մսաղացից հանել են փոքրիկի ձեռքը, ապա հիվանդանոցի Պլաստիկ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության կլինիկայում վիրահատել են:




























