Տավուշի մարզում վթարից տուժած ուղեւորներից 17-ամյա Լիանա Մկրտչյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում ասաց Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Գյոզալյանը, նշելով, որ աղջնակի մոտ ախտորոշվել է գանգուղեղային հիմնի կոտրվածք:
«Աղջիկը միացված է արհեստական շնչառական ապարատին, հրավիրել ենք Վանաձորից նեյրովիրաբույժի, տեղեկացրել ենք ՀՀ-ի մեր գործընկերներին ու առողջապահական կենտրոններին, սակայն վիճակը գնալով դեպի վատն է գնում»,-ասաց նա, նշելով, որ դեպքի մասին տեղեկանալուն պես իրենք դեպքի վայր են ուղարկել միանգամից 4 բրիգադ: «Առաջինն այս աղջնակին ենք տեղափոխել մեզ մոտ, մնացած տուժածների վիճակը համեմատաբար լավ է, ունեն կոտրվածքներ, հոդախախտեր եւ այլ վնասվածքներ»,-նշեց Գյոզալյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, այսօր՝ մայիսի 26-ին, ժամը 08.42-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Պտղավան գյուղի մոտակայքում շրջվել է «Մերսեդես» մակնիշի միկրոավտոբուս, որի հետեւանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 18 մարդ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհի 23-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 33 ՕՕ 476 համարանիշի միկրոավտոբուսը (վարորդ` 56-ամյա Կ.Կոջողլյան) դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել, ինչի հետեւանքով ուղեւոր՝ 52-ամյա Ավետիք Թորոսյանը տեղում մահացել է, իսկ 13 ուղեւոր՝ տեղափոխվել Նոյեմբերյան քաղաքի բժշկական կենտրոն:
Ինչպես հայտնում է Հայաստանի ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը, նրանք են՝ 62-ամյա Նատալյա Արմագանյանցը, 25-ամյա Մանուկ Ղազարյանը, 48-ամյա Արամ Խաչատրյանը, 53-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը, 38-ամյա Գոռ Խաչատրյանը, 52-ամյա Ռուբիկ Խաչատրյանը, 48-ամյա Սամվել Խաչատրյանը, 39-ամյա Արտյոմ Հակոբյանը, 59-ամյա Հրաչյա եւ 28-ամյա Արթուր Խաչատրյանները, 37-ամյա Անուշ Ղարբազյանը, 13-ամյա Լյովա Պապոյանը եւ 17-ամյա Լիաննա Մկրտչյանը: Վերջինիս առողջական վիճակը բժիկները գնահատել են ծանր:
Ականատեսների փոխանցմամբ՝ վթարի պատճառը եղել է վարորդի կողմից արագության գերազանցումը, մեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, կողաշրջվել ու ընկել ճանապարհից դուրս:
Միկրոավտոբուսը Գյումրիից ուղեւորվում էր Ռոստով քաղաք:




























