Հնդկաստանի Մադհիա Փրադեշ նահանգում զուգարանով փեսացուի լուսանկարը երաշխավորում է կառավարության կազմակերպած զանգվածային հարսանիքում մասնակցությունը եւ ֆինանսական օգնություն ստանալը, գրում է The Huffington Post-ը:
Նահանգի իշխանությունները ստիպված են դիմել այդ միջոցին` հակասանիտարական պայմանների դեմ պայքարելու համար, որի պատճառով Հնդկաստանում ամեն օր մահանում է մի քանի հազար երեխա: Հնդիկների միայն 50%-ը տանը զուգարան ունեն:
Նախորդ տարի տեղի լրատվամիջոցներում զուգարանների հետ կապված սկանդալ էր բարձրացել: Հնդկուհի Պրիյանկա Բհարթին փախել էր ամուսնուց, քանի որ վերջինս տանը զուգարան չէր ունեցել: Այդ օրվանից Բհարթին ակտիվ պայքարում է հանուն այն կանանց իրավունքների, որոնք պահանջում են զուգարաններ իրենց տներում:
Տներում զուգարանների բացակայությունը կանանց ստիպում է կարիքները փողոցում հոգալ` վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան: Այդ պատճառով նրանք հաճախ դառնում են բռնության զոհ: BBC-ն հայտնում է, որ գրեթե 400 կին կարող էին խուսափել բռնությունից անցյալ տարի, եթե տներում զուգարան ունենային:




























