Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիրների դեմ թմրանյութերի պահպանման գործեր են կեղծում` քաղաքական ակտիվիստների «բերանը փակելու» համար: Այս մասին նշված է Human Rights Watch իրավապաշտպանական կազմակերպության մայիսի 27-ի հայտարարությունում:
Այնտեղ ներկայացված են կառավարությանը քննադատած չորս ակտիվիստների դեմ քրեական գործերը, որոնցից երեքը ֆիզիկական բռնության են ենթարկվել ոստիկանությունում:
«Իրականում, կառավարությանը քննադատած ակտիվիստների դեմ քրեական մեղադրանքներ ներկայացնելը նոր երեւույթ չէ Ադրբեջանում: Սակայն վերջին ձերբակալությունները եւ բռնությունները լուրջ ազդանշան են», - ասել է Հարավային Կովկասի գծով HRW-ի ավագ փորձագետ Գիորգի Գոգիան:
HRW-ն մանրամասն տեղեկություն է հավաքել վերջերս ձերբակալված չորս ակտիվիստնեի մասին նրանց փաստաբաններից եւ ծնողներից: Նրանք են` 31-ամյա բլոգեր Ռաշադ Ռամազանովը, 29-ամյա աստվածաբան Թալեհ Բագիրովը, 22-ամյա երիտասարդ ակտիվիստ Դաշգին Մելիկովը եւ NIDA շարժման 21-ամյա ակտիվիստ Մամեդ Ազիզովը:
Contact.az-ը հայտնում է, որ թեպետ թմրանյութերի պահպանման վերաբերյալ մեղադրանքներ առաջադրելուն, ոստիկանությունը նրանց հարցաքննել է քաղաքական գործունեության մասին: Ձերբակալությունից հետո մեղադրյալներին չեն թույլատրել հանդիպել իրենց փաստաբանների հետ եւ ֆիզիկական բռնության են ենթարկել:




























