Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում են քննվել Հրանուշ Խառատյանը, Դավիթ Սանասարյանը եւ Գարեգին Չուգասզյանն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի դատական գործերը: Նշված 3 քաղաքացիական գործերն էլ բարի համբավին, պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին են:

Ի դեպ այս 3 գործերը դատարան վարույթ են ընդունվել 2012թ. հոկտեմբերի 10-ին եւ առ այսօր գտնվում են դատաքննության փուլում, հաղորդում է «Փաստինֆոն»

Մասնավորապես՝ Հրանուշ Խառատյանն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի գործով հայցվորը պահանջում է իրեն հասցված վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրել, իսկ զրպարտությունը հերքել, իսկ թե ինչ միջոցով՝ հայցվորի ներկայացուցիչը թողել է դատարանի հայեցողությանը:

Ռուբեն Հայրապետյանն էլ իր հերթին դատական հայց է ներկայացել ընդդեմ Հրանուշ Խառատյանի:

Պատասխանողի ներկայացուցիչ Կարապետ Բադալյանի խոսքով՝ հայցի առարկան հետեւյալն է. «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ գործն արդեն դատարանում է եղել Հրանուշ Խառատյանը հարցազրույցի ժամանակ Ռուբեն Հայրապետյանին ուղղված արտահայտություն է արել, ասելով. «Ռուբեն Հայրապետյան, մարդ եղիր, գնա դատարան ցուցմունք տուր, այլապես նա առնետի պես փախչում է»:

Հայրապետյանին խոցել է այս արտահայտությունը եւ բացի հրապարակայնորեն ներողություն խնդրելուց, 1 մլն դրամի փոխհատուցման պահանջ է ներկայացրել: Այսինքն՝ Հայրապետյանն իրեն ուղղված վիրավորանքը գնահատել է 1մլն դրամ:

Այս գործը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վարույթ է ընդունվել 2012թ. դեկտեմբերի 13-ին եւ այժմ գտնվում է դատաքննության փուլում: Մինչեւ այս պահը ո՛չ Հայրապետյանը եւ ո՛չ էլ նրա ներկայացուցիչը նիստերին չեն մասնակցել:

Հաջորդ գործը Դավիթ Սանասարյան ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի է, այս գործով եւս Ռ. Հայրապետյանը եւ նրա ներկայացուցիչը նիստերին չեն մասնակցում, այդ իսկ պատճառով, մարտի 21-ի դատական նիստին, դատարանը որոշեց պարտավորեցնել Ռուբեն Հայրապետյանին` ներկայանալ նիստերին:

Պետք է նշենք, որ դատարանի պարտավորեցումը չօգնեց՝ նրանք այդպես էլ չներկայացան նշանակված նիստին, որի ժամանակ հայցվորի ներկայացուցիչ Կարապետ Բադալյանը, հանդես է եկել միջնորդությամբ` հայտարարելով, որ եթե Ռուբեն Հայրապետյանը հաջորդ դատական նիստին եւս չներկայանա եւ բացատրություն կամ ցուցմունք չտա, ապա ըստ էության դա կնշանակի, որ նա հայցն ընդունում է. այսինքն՝ Ռուբեն Հայրապետյանը դիտավորությամբ վիրավորել է Դավիթ Սանասարյանին:

Կարապետ Բադալյանը ավել վաղ «Փաստինֆո»-ի թղթակցին ասել էր, որ նրանց չգալը, իրենց իսկ համար բացասական իրավական հետեւանքներ կառաջացնի:

Այս գործով հայցի առարկան «Նուվել դը Արմենի» ամսագրում սեպտեմբերի 7-ին հրապարակված Ռ. Հայրապետյանի հարցազրույցն է, որն, ըստ հայցվորի, պարունակում է իր բարի համբավը, պատիվն, արժանապատվությունը եւ գործարար համբավը վիրավորող եւ իրականությանը չհամապատասխանող զրպարտչական արտահայտություններ: Ուստի հայցվորը պահանջում է ներողություն խնդրել վիրավորական արտահայտությունների համար եւ հերքել իրականությանը չհամապատասխանող զրպարտչական արտահայտությունները:

Գարեգին Չուգասզյանն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի գործով եւս հայցվորը պահանջում է ներողություն խնդրել վիրավորական արտահայտությունների համար եւ հերքել իրականությանը չհամապատասխանող զրպարտչական արտահայտությունները: