Հայաստանում Ռուսաստանի Միգրացիոն ծառայությունը դադարեցրել է «Հայրենակիցներ» եւ «Աշխատանքային միգրացիա» ծրագրերով հայտերի ընդունումը: Այս պահին հարց է, թե արդյոք Միգրացիոն ծառայությունը կշարունակի իր գործունեությունը Հայաստանում, քանի որ վերջինիս գործունեության պայմանագրային ժամկետը ավարտվել է:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք ծառայության գործունեության դադարեցումը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի վարչապետն ասել էր, որ ծառայության գործունեությունը ցանկալի չէ՞,  թե՞ այլ հանգամանք կա, Գյումրիում Ռուսաստանի հյուպատոս Վասիլի Կորչմարը պատասխանել է. «Դա հավանաբար պայմանավորված է նրանով, որ այդ հարցը դեռ շատ սուր է դրված այստեղ` Հայաստանում, եւ շատ մեծ աղմուկ է բարձրանում Միգրացիոն դաշնային ծառայության հավատարմագրման շուրջ: Ես կարծում եմ` այդ հարցը կլուծվի»:

Հարցին` կշարունակի՞ իր գործունեությունը Միգրացիոն ծառայությունը, թե՞ ոչ, Կորչմարը պատասխանել է. «Այն, որ նրանք դեռ աշխատում են, ես դա գիտեմ, ես ասում եմ, որ եթե նույնիսկ հավատարմագրումը չշարունակվի, այդ հարցերով ամեն դեպքում կզբաղվեն Երեւանում դեսպանատունը, Գյումրիում` հյուպատոսարանը: Բայց Միգրացիոն ծառայության ներկայության դեպքում փաստաթղթերը ձեւակերպվում են տեղում, առանց ձգձգումների: Դեսպանատունն ու հուպատոսարանը միայն հայտեր կընդունեն, հետո դրանք կուղարկեն Մոսկվա: Այնտեղից հատուկ խումբ կգա այստեղ, որը կզբաղվի փաստաթղթերի ձեւակերպմամբ: Այդպիսի փորձ ունենք եւ Վրաստանում, եւ այլ երկրներնում»:

Հյուպատոսը վստահեցրել է, որ անկախ քննադատությունից` Միգրացիոն ծառայության գործունեության դադարեցումից հետո ամեն դեպքում եւ «Հայրենակիցներ» եւ «Աշխատանքային միգրացիա» ծրագրերը կշարունակվեն Հայաստանում: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ե՞րբ կվերսկսվի հայտերի ընդունումը, Կորչմարը հավանական է համարել աշունը, գուցե` ավելի շուտ: