Մայիսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռուսաստանի Կուրսկի մարզի պատվիրակությանը՝ գլխավորությամբ Կուրսկի մարզի նահանգապետի տեղակալ, ներքին քաղաքականության կոմիտեի նախագահ Լյուդմիլա Գրեբենկովայի:
Հանդիպման սկզբում պատվիրակության անդամ, Ռուսաստանի հայերի միության Կուրսկի տարածքային կազմակերպության նախագահ Ալեքսան Կոշտոյանը Գարեգին Բ-ին ներկայացրել է պատվիրակության անդամներին եւ Հայաստան այցելության նպատակը:
Գարեգին Բ-ն պատվիրակության անդամներին համառոտ ներկայացրել է Հայ Եկեղեցու պատմությունը, Խորհրդային միության տարիներին Եկեղեցու կրած դժվարությունները եւ ներկա վիճակը՝ ընդգծելով Եկեղեցու կարեւոր դերը հայ ժողովրդի հոգեւոր, ազգային եւ մշակութային կյանքում: Խոսելով հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամական կապերի ձեւավորման գործում Հայ Եկեղեցու դերակատարության մասին՝ նա մասնավորապես կարեւորել է երկու ժողովուրդների բազմադարյա ջերմ հարաբերությունների հետագա սերտացումն ու զարգացումը մշակույթի, տնտեսության եւ այլ ոլորտներում:
Անդրադառնալով Ռուսաստանի հայկական համայնքին՝ Գարեգին Բ-ն իր մասնավոր շնորհակալությունն է հայտնել ՌԴ իշխանություններին՝ հայ ժողովրդի զավակների նկատմամբ դրսեւորվող հոգատար վերաբերմունքի համար:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ Հայ առաքելական եւ Ռուս ուղղափառ Եկեղեցիների սերտ կապերին, եկեղեցի-պետություն հարաբերություններին, ինչպես նաեւ երիտասարդ սերնդի հոգեւոր դաստիարակության անհրաժեշտությանը:



























