Եթե Վրաստանում բոլոր դեպքերի հետաքննություն սկսվի, ապա Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին եւ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին բանտում հարեւան խցիկներում կհայտնվեն: Նման համոզմունք է հայտնել Վրաստանի Լեյբորիստական կուսակցության քաղաքական քարտուղար Գեորգի Գուգավան:

Նա «Փրայմ Թայմ» թերթի մամուլի ակումբում կայացած ասուլիսում հայտնել է, որ Իվանիշվիլին ֆինանսավորում էր Սահակաշվիլիի հատուկ ջոկատը եւ դրա համար սարքավորումներ գնում:

«2007թ. ցույցը ցրելուց հետո Իվանիշվիլին  հատուկ ջոկատին պարգեւավճարներ էր հանձնել: Ամեն ինչ պետք է քննության ենթարկվի, եւ ես վստահ եմ, որ Իվանիշվիլին եւ Սահակաշվիլին կհայտնվեն հարեւան բանտախցերում:  Եթե խոսքը արդարության վերականգնման մասին է, ապա պետք է ուսումնասիրվի Վարդերի հեղափոխությանը հաջորդած ամբողջ ժամանակաշրջանը», – հայտնել է Գուգավան, հաղորդում է  «Գռուզիա Online»-ը:

Ըստ նրա` այսօր աղմկահարույց ձեբակալություններ են կատարվում` բնակչության ուշադրությունը հիմնական խնդիրներից շեղելու համար, եւ նրանք մոռացել են այն «կոնֆետների» մասին, որ իրենց խոստացել էին ընտրություններից առաջ: