Տավուշի մարզում, երեկ` մայիսի 26-ին, կարկուտը հիմնականում մեծ վնասներ է պատճառել Այգեհովիտ, Դիտավան եւ Ազատամուտ գյուղերին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ազատամուտի գյուղապետ Ժորա Մարտիրոսյանը:
«Երակը հիմնականում այս երեք գյուղերի միջով է անցել եւ հիմնականում վնասել խաղողի այգիները եւ պտուղ բանջարեղենը: Կարկուտից հետո մարզպետ Արմեն Ղուլարյանը եկավ եւ շրջեց գյուղերում եւ հանձնարարեց, որ վնասի չափը հաշվելուց հետո արձանագրություն կազմեն եւ ներկայացնեն մարզպետարան: Կոնկրետ մեր գյուղում մոտ 50 տոկոսը վնաս է կրել: Մենք մեր երեք գյուղերով հանձնաժողով ենք կազմել եւ եղանակը բացվելուց հետո վնասները կչափենք»,- նշեց գյուղապետը՝ հավելելով, որ արմավիրցիների օրինակով փողոց դուրս չեն գա, քանի որ արմավիրցիների վնասը 100 տոկոսանոց էր, իսկ իրենցը 50-70:
Կառավարությունից էլ ակնկալիքներ ունեն, բայց պահանջներ՝ ոչ, ինչ կտան՝ կտան: Վերը նշված գյուղերում էլ հակակարկտային կայանքներ չունեն, քանի որ 90թ-ին հակակարկտային հրանոթները վերցրել ջարդել են թուրքերի գլխին:
Այգեհովիտի գյուղապետ Լեւոն Գրիգորյանն էլ նշեց, որ կարկուտը հիմնականում վնասել է խաղողի այգիները եւ մոտավորապես 70-80 տոկոս վնաս է պատճառել: «Ավելի կոնկրետ վնասը կերեւա արեւը դուրս գալուց հետո, որից հետո ակտ կկազմենք եւ կներկայացնենք համապատասխան մարմիններին»,-ասաց նա՝ նշելով, որ իրենց խնդրին մինչեւ այս պահը արձագանքել է ԱԻՆ-ը եւ մարզպետարանը, սակայն քննարկումները եւ իրավիճակից դուրս գալու ելքերը կքննարկեն տոներից հետո` մայիսի 29-ին:
Գետահովիտ, Ենոքավան, Ակնաղբյուր եւ Աչաջուր գյուղերում, թեեւ տեղումներ եղել են, սակայն կարկուտից վնասներ չի պատճառվել: Ենոքավան գյուղի գյուղապետ Անդրանիկ Չիբուխչյանն ասաց, որ իրենց մոտ թույլ կարկուտ է եղել եւ վնաս չի պատճառել: Աչաջրի գյուղապետ Համո Գեւորգյանը նշեց, որ իրենց մոտ թույլ կարկուտ է եկել եւ խաղողի, ցորենի եւ բանջարաբոստանային մյուս այգիներին ոչ մի վնաս չի պատճառել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 26-ին-ին Տավուշի մարզի Այգեհովիտ, Դիտավան, Ազատամուտ, Գետահովիտ, Ենոքավան, Ակնաղբյուր եւ Աչաջուր գյուղերում կարկուտ է տեղացել: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ից: Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը եւ ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ի հետ համագործակցող ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն:




























