Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն պահանջում է դատարանին հանձնել պետության ղեկավար Միխայիլ Սահակաշվիլիին: Մինչդեռ «Կոմերսանտի» կողմից Վրաստանում հարցման ենթարկված քաղաքագետները կարծում են, որ  Սահակաշվիլիի վարչակարգին դատի տալու պահանջը կարող է հենց Շեւարդնաձեի դեմ շրջվել, քանի որ, ըստ փորձագետների, արդարադատության վերականգնումը չէր խանգարի սկսել հենց Շեւարդնաձեից: 

Շեւարդնաձեն «Ասավալ դասավալի» թերթում քննադատել է վրացի զինվորներին Աֆղանստան ուղարկելու վերաբերյալ Միխայիլ Սահակաշվիլիի որոշումը:  Նա զարմանում է, թե ինչու են վրացական զորքերը մինչ այժմ մնում Աֆղանստանում, թեպետ «ՆԱՏՕ-ի երկրներն այնտեղից դուրս են բերում իրենց զորքերը»: 

Ըստ Էդուարդ Շեւարդնաձեի` Վրաստանը չպետք է դադարեցնի Աբխազիան եւ Հարավային Օսիան հետ վերադարձնելու իր ջանքերը: Միաժամանակ նախկին նախագահը ողջունում է «Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու»` վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի ջանքերը:

Շեւարդնաձեն մեկնաբանել է նաեւ մայիսի 17-ին Թբիլիսիում սեռական փոքրամասնությունների պաշտպանության երթի անցկացման փորձը: «Այս ողջ տարիներին Սահակաշվիլին պայքարել է վրացերենի, ուղղափառության, ավանդականի եւ ազգայինի դեմ» - զայրացել է Շեւարդնաձեն` հրապարակային դատ պահանջելով Սահակաշվիլիի եւ նրա կուսակցության նկատմամբ: