1918 թվականի մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ Ապարանում եւ Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին եւ կամավորականներին հաջողվեց կենաց ու մահու պայքարում հաղթանակ նվաճել՝ մեկ անգամ եւս վերահաստատելով հայի աննկուն կամքն ու ազատատենչությունը: Այդ մասին ասվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձում:
«Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առիթով: Այս տոնը խորհրդանշում է հայ ժողովրդի կարեւորագույն ձեռքբերումը՝ անկախությունը: 1918 թվականի մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ Ապարանում եւ Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին եւ կամավորականներին հաջողվեց կենաց ու մահու պայքարում հաղթանակ նվաճել՝ մեկ անգամ եւս վերահաստատելով հայի աննկուն կամքն ու ազատատենչությունը: Ուղիղ 95 տարի առաջ տեւական ընդմիջումից հետո իր պատմական տարածքի մի մասում հայ ժողովուրդը հռչակեց իր անկախությունը: Ազգային պետականության կերտումը մեր կարեւորագույն նվաճումներից մեկն է, որը հազարավոր հայորդիների կյանքի ու արյան գնով իրականություն դարձավ:
Ցավոք, Հայաստանի Առաջին Հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, սակայն դարեր ի վեր փափագած ու վերանվաճած անկախությունը կատարեց իր պատմական առաքելությունը:
Այսօր՝ շուրջ մեկդարյա հեռավորությունից ավելի՛ է արժեւորվում Հայաստանի Առաջին Հանրապետության դերն ու նշանակությունը, իսկ նոր սերնդի գիտակցության մեջ պետք է արմատավորվի այն գաղափարը, որ անկախությունն ու ազգային պետականությունը անփոխարինելի արժեքներ են, եւ որ մեր ազգի միասնականությունն է միայն ամուր պետականության երաշխավորը:
Եվս մեկ անգամ սրտանց շնորհավորում եմ համայն հայությանն այս գեղեցիկ տոնի կապակցությամբ, մաղթում խաղաղություն, նորանոր նվաճումներ ու բարգավաճում մեր հայրենիքին»,- նշել է Ծառուկյանը:




























