ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հակասություններ չունեն: Այսօր` մայիսի 28-ին Սարդարապատում NEWS.am-ի թղթակիցը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից հետաքրքրվեց իր եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «լարված» հարաբերությունների, հակասությունների մասին: «Ես այն անձնավորությունն եմ, որի իմ հետ հակասությա՞ն մեջ կարելի է մտնել: Եթե հակասություն լիներ,ես ոնց էի բարեւ տալու, բարեւել եմ, էն էլ ոնց, ջերմ բավականին»:
Անդրադառնալով այսօրվա միջոցառմանը արմավիրցների սպասվելիք բողոքի ակցիան «վերահսկելուն», նա նշեց, որ ոստիկանությունը միշտ բոլոր երեւույթները վերցնում է վերահսկողության տակ, որովհետեւ հավաքվում է ժողովուրդ, պաշտոնատար անձինք:
Նա նաեւ նշեց, որ կարկուտից տուժած արմավիրցիներին օգնելու համար ստեղծված ֆոնդին ոստիկանության փոխանցած գումարով կկարողանան մի քանի մարդու մատից փուշ հանել, բայց դրանով չեն սահմանափակվի, դա կդառնա մոտեցում, սկզբունք` «որտեղ կարող ենք օգնեք»: «Ոստիկանությունը պետք է եւ ծառայության մատուցի, եւ հանցագործություն բացահայտի, սա մեր ծառայության մատուցման եւ խոնարհության ձեւերից մեկն է»,- նշել է Գասպարյանը:




























