Ռուսական С-300 հրթիռային համալիրների մատակարարումը Սիրիա զսպող գործոն է սիրիական հակամարտությանը արտաքին միջամտության համար: Այս մասին մայիսի 28-ի մամուլի ասուլիսում հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը:
«Մենք կարծում ենք, որ նման քայլերը զսպում են որոշ «տաքգլուխների» հակամարտության արտաքին միջամտության սցենարի դիտարկման հարցում, ինչը կարող է դրան միջազգային բնույթ հաղորդել», - ասել է նա, պարզաբանելով, որ խոսքը Սիրիայի կառավարական զորքերի պաշտպանության համար սպառազինության մատակարարման մասին է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ռյաբկովը նշել է, որ չի կարող ասել, թե ինչ փուլում են գտնվում այդ մատակարարումները, միայն ընդգծել է, որ Ռուսաստանը դրանցից չի հրաժարվի: «С-300 համակարգերի մատակարարումը Սիրիա կատարվում են մի քանի տարի առաջ կնքված պայմանագրի համաձայն: Այդ պայմանագրի մյուս կողմը Դամասկոսի կառավարությունն է: Ցանկանում եմ ասել, որ այդ համակարգերը չեն կարող օգտագործվել ապօրինի զինված խմբավորումների կողմից` որպես պայքարի միջոց դաշտային պայմաններում», - հավելել է Ռյաբկովը:



























