Քաղաքական առումով ասում են գաղջ մթնոլորտ, մեր առումով ասում են կրիմինալ մթնոլորտ` լեքսիկոն, մտածելակերպ, բառապաշար: Այս մասին այսօր` մայիսի 28-ին, Սարդարապատ հուշահամալիրում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա նշեց, որ գողական մտածելակերպը սկսել է նահանջել, ինչում մեծ դեր են ունեցել նաեւ լրագրողները: «Հասարակությունը, պատգամավորները, լրագրողները բավականին լավ արձագանքեցին եւ մենք մի հիվանդություն, այնուամենայնիվ, մեր իսկ մեջ բժշկեցինք: Խոսքը միայն պատգամավորինը չէ, բոլորինս է, քաղաքական առումով ասում են գաղջ մթնոլորտ, մեր առումով ասում են կրիմինալ մթնոլորտ` լեքսիկոն, մտածելակերպ, բառապաշար, դուք լավ դեր խաղացիք այդ աղմուկը բարձրացնելով, մեզնից շատ շատերը շտկվեցին»,- նշեց նա:

Վլադիմիր Գասպարյանը շեշտեց, որ մեր քաղաքացին, մեր ժողովուրդը միանգամից ընկալում է լավը, բարին, ճիշտը, ճշմարիտը եւ կարողացել են մի բան փոխել, գոնե անպատժելիության մթնոլորտը դնել ուշադրության կենտրոնում, հստակեցնել մոտեցումները ոստիկան-քաղաքացի եւ քաղաքացի-ոստիկան հարաբերություններում, «մեր մոտ ստացվել է երկխոսությունը մեր իսկ մեջ` ոստիկան-քաղաքացու, հասարակության հասկանալու համար պետք է հասկանանք, որ առաջին հերթին քաղաքացի ենք, հետո ոստիկան, պրոցեսը գնում է, ինչ-որ բան մեր մոտ ստացվում է»:

NEWS.am-ի թղթակցի հարցին, թե իր այցով Սյունիք գողական մթնոլորտը վերացրեց, հատկապես, որ շատ է շրջանառվում է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը անունը, ով պարբերաբար հայտնվում է սկանդալների կենտրոնում, նա պատասխանեց. «Մենք շփում ենք ունեցել մարզպետի հետ, եւ կարծում եմ, որ լրատվության այդ ամփոփ կարծիքը, որ կա, այնուամենայիվ փոխված է  եւ այդպես չէ, մենք ուղղակի մի քիչ շատ չափազացնում ենք ամեն ինչ»: Մեր դիտարկմանը, թե արդյոք Սուրեն Խաչատրյանը այժմ այդքան էլ գողական չէ, ոստիկանապետը հակադարձեց` ասելով «ինքն ընդհանրապես գողական չէ, ինքը մարզպետ է, հավատացեք իմ խոսքին, որ դա այդպես է»:

Վլադիմիր Գասպարյանը նաեւ շեշտեց, որ «մարզպետների մեջ չկա գողական, մեր պայմաններոմ չի կարող այդպիսի բան լինի, ի սկզբանե չկա, վատ սովորություն ունենք մի բան եղավ չեղավ, իմանալով չիմանալով, շարում ենք, անուններ ենք կպցնում, պետք չի դա անել»:

Ի դեպ, Սարդարապատ հուշահամալիրում  Վլադիմիր Գասպարյանին մոտեցավ հորաքույրը եւ ջերմորեն ողջունեցին իրար, գրկախառնվեցին: Այնուհետեւ կինն ասաց. «Իմ ախպոր տղան է, ութ երեխաների մայր եմ, տար ռեկլամ արա»: